Քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես
Քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես
Յուրաքանչյուր մեղք նման է վիրուսի, որ ապականված աշխարհից թափանցում է մեր ներաշխարհ և աստիճանաբար սկսում քայքայել մեր միտքը, հոգին ու վերջում նաև մարմինը։ Բայց հիմա պետք է ավելի շատ կենտրոնանանք խոսքի միջոցով ներթափանցող մեղքերին։ Շատ հաճախ մենք անտեսում ենք մեր խոսքերի կարևորությունը և դրանց թողած հետևանքները, բայց գիտեք` ինչ էր ասում Քրիստոս այս մասին. «Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ: Բայց ասում եմ ձեզ, թե մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթեոս 12. 35-37)։ Հիմա հասկանում եք՝ որքան կարևոր է, որ մենք շատ զգուշավոր լինենք, մեր խոսքերի մեջ։ Եթե մեզ թվում է՝ այսօրվա ասած մի դառը խոսքը, վաղը արդեն կմոռացվի ու չի էլ հիշվի, ապա չարաչար սխալվում ենք։ Ինքս էլ շատ հաճախ անմտաբար վիրավորել եմ դիմացինին իսկ հետո, երբ հասկացել եմ, ինչքան ցավ կարող էր պատճառել իմ խոսքը նրան, անկեղծորեն զղջացել եմ, ներողություն խնդրել, բայց ես արդեն մեղք եմ գործել ու կապ չունի հասկացել եմ իմ սխալը թե՝ ոչ։ Այն ցավը, որ ես եմ թողել նրա սրտում, երբեք էլ չի մոռացվի։
Ուրեմն, եթե մեր խոսքերը այդքան կարևորություն ունեն, որ դրանցով կամ պիտի դատապարտվենք, կամ արդարանանք մեր Աստծո դատաստանի ժամանակ, լավ կլինի որ այսուհետ մեր լեզվին ավելի ուշադիր լինենք։ Հրաժարվենք չարախոսությունից, բամբասանքից, զազրախոսությունից, հայհոյանքից։ Օրհնությամբ ու սիրով բացենք մեր բերանը, ճշմարտությունը բացահայտվում է սիրով ու օրհնությամբ։