Այսօր Հայ առաքելական Եկեղեցին տոնում է Ավետարանիչների տոնը

Այսօր Հայ առաքելական Եկեղեցին տոնում է Ավետարանիչների տոնը

Ավետարանիչները Նոր Կտակարանի առաջին չորս գրքերի՝ Ավետարանների հեղինակներն են: Նրանք են Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասը և Հովհաննեսը: Մատթեոսը և Հովհաննեսը 12 առաքյալներից էին, իսկ Մարկոսն ու Ղուկասը՝ 70-ից:

 

Մատթեոս ավետարանիչը իր Ավետարանը գրել է Երուսաղեմում որպես ականատես և վկա՝ տեղի Եկեղեցու խնդրանքով: Քրիստոսի համբարձումից և հոգեգալստից հետո Մատթեոսը երկար ժամանակ քարոզում էր հրեաներին Պաղեստինում: Այնուհետև, հեռավոր երկրներ քարոզչության մեկնելուց առաջ, հավատացյալ հրեաների խնդրանքով նա գրի առավ իր բանավոր քարոզները: Այսպես ստեղծվեց նրա Ավետարանը:

 

Մատթեոս առաքյալի վախճանի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան. ոմանք պնդում են, թե նա նահատակվել է Եթովպիայում, ոմանք էլ՝ Պարթևաստանում:

 

Մարկոս ավետարանիչը, ըստ ավանդության, մեկն էր այն կույրերից, որոնք բժշկվել էին Քրիստոսի ձեռքով: Մարկոսը Քրիստոսից հետո աշակերտել է Պետրոս և Պողոս առաքյալներին, եղել նրանց քարտուղարը և թարգմանիչը: 

 

Մարկոսը համարվում է Ալեքսանդրիայի աթոռի առաջին եպիսկոպոսը: Ավանդության համաձայն՝ նա իր Ավետարանը գրել է Ալեքսանդրիայում՝ Պետրոս առաքյալի պատմածների հիշողությամբ:

 

Ղուկաս ավետարանիչը ծագումով հույն էր՝ Սիրիայի Անտիոք քաղաքից: Նա բժիշկ էր, պատմիչ և նկարիչ: Համաձայն ավանդության՝ իր Ավետարանը նա գրել է Անտիոք քաղաքում՝ Պողոս առաքյալի քարոզչության հիման վրա: Ավանդությունը պատմում է նաև, որ առաջին անգամ Ղուկասն է նկարել սուրբ Մարիամ Աստվածածնի սրբապատկերը:

 

Հովհաննես ավետարանիչն եղել է այն մարդը, ով հետևեց Հիսուսին Գեթսեմանիից մինչև Գողգոթա: Խաչի վրայից Տերը նրա՛ն հանձնեց Իր մորը՝ սուրբ Կույս Մարիամին: Հավանաբար Քրիստոսի հանդեպ այդպիսի բոցավառ սիրո և նախանձախնդրության պատճառով էլ Ավետարանում նրան, եղբոր հետ, կոչում են Որոտման որդի: Տիրոջ կամքով՝ Հովհաննեսը մյուս առաքյալներից ավելի երկար ապրեց և խաղաղությամբ ննջեց մոտ 95 տարեկանում՝ 100 թ.: 

 

  • 2022-10-15
×