«Եվ Աստված խոսեց հայերեն»

«Եվ Աստված խոսեց հայերեն»

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին,  Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի աշակերտները թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի նախաձեռնությամբ առաջնորդարանի դահլիճում ներկայացրեցին Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառում։

 

Ինչպես գիտենք, Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից մեկն է։ Այն հայ ժողովրդի հարգանքի տուրքն է հայոց գրերին ու մշակույթին և այդ մշակույթի նվիրական գործիչներին:

 

Տեր հայրը կարևորելով տոնի խորհուրդը մեզ հետ զրույցում ասաց․ «Շնորհավորում եմ բոլորիս մեր պետության համար այս կարևոր մշակութային օրվա՝ Թարգմանչաց տոնի կապակցությամբ։ Այն նվիրված է հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին, և իր մեջ կրում է գրի ու դպրության, գիտելիքի ու իմաստնության լույսը՝ սկիզբ առնելով Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներից: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ Սուրբ Գրքի քարոզչությամբ Թարգմանիչները բացեցին նաև մեր ժողովրդի հոգևոր աչքերը, ուստի մաղթանքս է, որ նոր սերունդը էլ ավելի կարևորի ուսման հանդեպ սերը, որովհետև միայն կիրթ ու բանիմաց հասարակությունը ի զորու կլինի պահել ու պաշտպանել իր պետականությունը»։

 

Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա դպրոցի ավագ խմբի ուսուչհուհի Հասմիկ Չախմախչյանը, ով կազմակերպիչներից մեկն էր այս տեղեկատվական միջոցառման, նշեց, որ սա երեխաների այս տարվա առաջին մեծ միջոցառումն էր ու շատ խորհրդաշական էր, որովհետև այն Սուրբ թարգմանիչներ դերի բարձրացումն էր հայ մանուկների աչքերում։ 

 

Նշենք, որ առաջիկա ազգային-եկեղեցական տոներին ևս պատրաստվում են նման միջոցառումներ, որոնք կիրականանան արդեն Արարատյան Հայրապետական թեմում գործող բոլոր կիրակնօրյա դպրոցների աշակերտների մասնակցությամբ։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2022-10-09
×