Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս Թարգմանչաց տոնին նվիրված քարոզ

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս Թարգմանչաց տոնին նվիրված քարոզ

«Որք զարդարեցին տնօրինաբար զիմաստս անեղին հաստատելով յերկրի զգիր կենդանի»:

 

Հավատացյալ և հավատավոր զավակներ հայոց ազգի, որ այժմ համախմբյալ կաք այս նվիրականագույն սրբավայրում՝ Ս. Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա կանգնած եկեղեցու մեջ: Բառերը, որոնք արտասանեցի այժմ, խորիմաստ բառեր են, որոնք դարերի ճանապարհ են կտրել և այսօր  հնչում են մեր ականջների մեջ,  վաղը և գալիք ժամանակներում կհնչեն նաև մեր զավակների, թոռների, ծոռների ականջների մեջ:

 

…Ի՛նչ են ուզում ասել այս բառերը, շարականագիր վարդապետի հանճարից բխած իմաստության այս աղբյուրները: Նրանք՝ Սահակը և Մեսրոպը, ինչպես նաև նրանց հետևող աշակերտները Աստծո միտքը, իմաստությունը ծաղկեցրին Աստծո կողմից տրված զորությամբ: Զարդարեցին մեր կյանքը ինչո՞վ՝ երկրի վրա կենդանի գրով թարգմանելով երկնային ճշմարտությունը: Գիրը կենդանի է, գիրը կյանք ունի, գիրը զուտ գիր չէ թղթի վրա, գրով խորհրդանշված գաղափարը, հավատքը, որ ապրում է մարդկանց կյանքի մեջ կենդանություն է, ուժ  է և, հետևաբար, այս երկու բառերը նշանակում են անեղի իմաստը զարդարել մեր կյանքով և կենդանի գիրը հաստատել երկրի վրա: Այսպիսի մեծ առաքելության ռահվիրանները եղան Ս. Սահակը և Ս. Մեսրոպը, որոնց տոնը այսօր Հայոց եկեղեցին նշում է աշխարհի չորս կողմերում:

 

…Հայ գիրը, հայ գրականությունը ստեղծվեցին Աստծուն թարգմանելու համար: Այդ ճշմարտությունը ոչ ոք չի կարող իր մտքից հանել: Եվ երբ այդ գիրը գտնվեց՝ երեսունվեց տառերից բաղկացած մեր Այբ, Բեն, Գիմը, առաջին բառերն այստեղ գրված բառերն  են․ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Սրանք առաջին հայ տողերն են, երբ չկար ոչ մի գրականություն, այսպես սկսվեց, Աստվածաշունչ մատյանի բառերով սկսվեց մեր գրականությունը: Նվիրականություն կա այս գրերի մեջ, Ս․ Մեսրոպի տեսիլքում մեր գրերը եկան երկնավոր զորությամբ, և ոչ թե նա նստեց և իր գրասեղանի վրա ստեղծեց դրանք։

 

Աստվա՛ծ ցույց տվեց նրան, և երկինքն ու երկիրը իրար միացան հայոց գրերում՝ Աստվածաշունչ մատյանի՝ Սուրբ Գրքի զորությամբ:

 

Դարեր անցան, շատ դեպքեր եկան ու գնացին, շատ տաճարներ, բերդեր ու պալատներ քանդվեցին, բայց գիրը կրկին մնաց ոչ թե նվաճված, այլ՝ նվաճող: Աշխարհի բոլոր բանակները, որքան էլ զորավոր լինեն, մի օր կպարտվեն: Ամենահաղթ բանակը երեսունվեց զինվորներից բաղկացած բանակն է՝ հայոց այբուբենը: Ոչ ոք չկարողացավ այս բանակին հաղթել, բայց այս բանակը հաղթեց մահվան այն բոլոր վտանգներին, որոնք սպառնացին մեր ժողովրդին:

 

…Այսօր մենք տոնում ենք երկու մեծ սրբերի հիշատակը: Նրանց մասին ասվել է՝ անզուգական զույգ, նրանց նմանը չի եղել մեր պատմության մեջ: Ինչպես նախորդներից երջանկահիշատակ Գևորգ Ե կաթողիկոսն է ասել. «Ա՛խ, որքան, որքան էի փափագում, որ Ս. Սահակի մասունքներն էլ գտնվեին ու այստեղ թաղվեին, նրանք, որ երկնքում միասին են, նրանց դամբարանները երկրի վրա էլ միասին լինեին»:

 

…Սիրելինե՛ր, մեծ գործերը կարող են լինել անհատների տեսիլքը, բայց մեծ գործերը գործ չեն լինի առանց հավաքական աշխատանքի: Մեսրոպ Մաշտոցը գիրը գտավ, բայց եթե Սահակ Կաթողիկոսը չկազմակերպեր ամբողջ թարգմանչական աշխատանքը, գիրն ի՞նչ արժեք կունենար: Սահակ Կաթողիկոսին էլ եթե հայոց արքան զորավիգ չլիներ, հայոց պետությունը չէր կարող մեծ գործ կատարել: Եվ եթե երբեք Սահակը, Մեսրոպը և Վռամշապուհը չունենային թարգմանիչ վարդապետներին, տասնյակներով այն երիտասարդ հոգևորականներին, միայնակ ի՞նչ կարող էին անել: Հետևաբար, մեծ գործերը միայն կարող են լինել հավաքական, միասնական աշխատանքի արդյունք: Դրա համար ես այսօր կոչ եմ անում մեր ողջ միաբանությանը, բոլոր հոգևորականներին, որ այս տոնը դառնա կերպարանափոխիչ զորության ազդեցիկ մի տոն մեր կյանքի համար:

 

…Մենք՝ հոգևորականներս, ինքներս մեզ համար չենք ապրում, եթե ինքներս մեզ համար էինք ապրելու, ինչո՞ւ ենք սքեմ կրում։ Մեր սահմանումն այն է, որ մենք ապրենք Աստծու համար՝ ժողովրդի համար, եթե այս չենք՝ հոգևորական չենք, ինչպես Սահակ և Մեսրոպ, Եզնիկ և Կորյուն, Խորենացի, Փարպեցի և տակավին շարքը այն բոլոր թարգմանիչների, ովքեր դադարեցին անհատ լինել, դարձան ծառայություն՝ իրենց ժողովրդի համար։

 

…Հետևաբար, երբ եկել ենք այսօր Ս․ Սահակի և Ս․ Մեսրոպի համար խունկ ծխելու, այդ արտաքին, նյութեղեն խունկի կարիքը չունենանք, այդ խունկը խորհրդանիշն է մեր ինքնամատուցման, մեր ինքնընծայման, մեր ծառայության։ Մե՛նք ենք խունկը, ոչ թե նյութը, մեր ծառայությունն է, մեր գործն է խունկը, որը կընդունի Աստված։ Եթե կյանք չկա մեր խնկարկության մեջ, խնկարկությունն անիմաստ է։ Աղո՛թք պետք է լինի, կապվածություն առ Աստված և առ ազգ և առ Մշակույթ։ Ա՛յս է ճշմարիտ խնկարկությունը և, Ո՛վ Տեր, ընդունիր մեզ, մեր անարժանավորության մեջ իսկ ընդունիր մեզ, որ դառնանք մի պատառ խունկ մեր անձերով, մեր կյանքով, յուրաքանչյուրն իր աստիճանում և իր պաշտոնում՝ Քո ժողովրդի կյանքում, որպեսզի խնկավորվենք և դառնանք մեր ժողովրդի հոգևոր սննդի համար նո՛ր մատակարարներ՝ մեր նո՛ր Հայաստանի, մեր վերածնվող Հայաստանի և մեր վերանորոգվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի,  ամբողջ Հայ Եկեղեցու և ազգի փառքի համար, հավիտյանս հավիտենից, ամեն։

  • 2022-10-09
×