30 տարի փոքրիկների կողքին

30 տարի փոքրիկների կողքին

Հոկտեմբերի 7-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում Արարատյան Հայրապետական թեմի ծնողազուրկ երեխաների օգնության գրասենյակի շահառուները հանդիպեցին գերմանական «Պոզաունեն Խոր» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Արդեն 30 տարի է, որ ամեն աշուն Գերմանիայի փոքրիկ քաղաքում՝ Նյոենհաուսում ապրող բարերարները գալիս են Հայաստան և իրենց օգնությունն են բերում հայ ծնողազուրկ փոքրիկներին: 

 

Միջոցառումը սկսվեց աղոթքով, որից հետո Տեր Շահե քահանա Հայրապետյանը շնորհակալական խոսք ուղղեց բարերարներին և նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը: Մինչ նվերների և դրամական օգնության բաշխումը՝ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ պարոն Անդրեաս Գրիսը ներկաներին պատմեց կազմակերպության հիմնադիր Գյունթեր Բրինգմանի մասին` ներկայացնելով, թե ինչպես են հավաքվում այդ գումարները և ինպես են հետո դրանք հասնում հայ փոքրիկներին։

 

Այս տարի շուրջ 84 ծնողազուրկ երեխա բարերների կողմից ստացան դրամական աջակցություն և նվերներ։

 

Նշենք, որ 1993 թվականից մինչ օրս, թեմում գործում է Ծնողազուրկ երեխաների օգնության գրասենյակը: Այն համագործակցում է բազմաթիվ բարերարների հետ, որոնց թվում է նաև «Պոզաունեն Խոր» կազմակերպությունը: Գրասենյակին իրենց աջակցությունն են բերում նաև Հայ Առաքելական եկեղեցու սփյուռքի թեմերը: 30 տարիների աշխատանքի ընթացքում դրամական աջակցություն է ցուցաբերվել հազարավոր երեխաների, ովքեր միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ են, ապրում են սոցիալական դժվար պայմաններում: Այս երեխաները ծրագրում ընդգրկվում են մինչև չափահաս դառնալը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

 
  • 2021-10-07
×