«Կոմիտաս» հրատարակչությունում օրերս լույս է տեսել «Ստեղծող մանկանց» խորագրով հայ հոգևոր երգերի խմբերգային մշակումները, որը նախատեսված է մանկական և կանանց երգչախմբերի համար։ Այս ժողովածուն ընդգրկում է հայ հոգևոր երգասացությունների՝ տաղերի և շարականների խմբագրային մշակումները։ Այն ամփոփում է 5-12-րդ դարերին վերնագրվող 13 տաղ և շարական, որոնց հեղինակներն են Ս․ Մեսրոպ Մաշտոցը, Ս․ Մովսես Խորենացին, Ստեփանոս Ա Սյունեցին, Անանիա Շիրակացին, Բարսեղ Ճոնը, Ս․ Ներսես Շնորհալին։
Գրքի հեղինակը՝ Գրիգոր Հարությունյանը, ով երաժշտական միջավայրում հայտնի է որպես մանկավարժ, խմբավար հանձն է առել մշակել մի շարք հոգևոր մեղեդիներ, շարականներ։ Նա վարպետորեն և նուրբ ճաշակով մշակել է յուրաքանչյուր հոգևոր կոթողը՝ հարազատ մնալով տվյալ երկրի երաժշտության բովանդակությանը և ոգուն։
Գրքի առաջաբանում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնության խոսքում մասնավորապես նշված է․ «Գովելի է «Ստեղծող մանկանց» ժողովածուի նախաձեռնումը, որի անվանումը վերցված է սուրբ Ներսես Շնորհալու «Բան հավատոյ» պոեմից։ Մեր օրհնությունն ենք բերում այս արժեքավոր ժողովածուի հեղինակին և հայցում Բարեխնամ Աստծո զորակցությունն ու աջակցությունը հայոց հոգևոր երգերի հոգեպարար ելևէջները նորագույն հնչեղությամբ կյանքի կոչելու օրհնաբեր գործում»։