Ուրախ լինենք, որ մեր հավատքի նշանը Տիրոջ խաչն է

Ուրախ լինենք, որ մեր հավատքի նշանը Տիրոջ խաչն է

Խաչերթ՝ Խաչվերացի տոնի առթիվ

 

Սեպտեմբերի 10-ին՝ Սուրբ Խաչի տոնի նախորդող օրը՝ նավակատիքին,  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանի նախաձեռությամբ Ներքին Չարբախ և  Շենգավիթ համայնքների հավատավոր ժողովուրդը մասնակցություն ունեցավ տոնական խաչերթի։

 

Տեր հայրը , մինչ խաչերթի մեկնարկը, հավատացյալներին ներկայացրեց  խաչերթի կարևորությունը և խորհուրդը: Ուխտի մասնակիցները երեկոյան` 17:30 -ին մեկնարկեցին խաչերթը՝ Ներքին Շենգավիթի Սուրբ Խաչ մատուռից շարժվելով դեպի  Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցի։ Երթի ընթացքում խաչերն իրենց ձեռքերում տանում էին զինվորները։ Խաչերթի ողջ ընթացքում, հավատացյալներն ու հոգևորականները առաջնորդվում էին աղոթքներով ու  շարականների երգեցողությամբ:

 

Տեր հայրը մեզ հետ զրույցում խոսեց հատկապես Խաչվերացին առնչվող այն սովորության մասին, որով շատերը եկեղեցական տոն օրերին այցելում իրենց հարազատների շիրիմներին․ «Ինչպես Խաչվերացի տոնին, այնպես էլ մնացյալ տաղավար տոներին, գերեզմաններ այցելել արգելված է։ Հանգուցյալների համար եկեղեցին սահմանել է օրեր, և շատ լավ կլինի, որ մենք հենց այդ օրերին տոնի ավետիսը տանենք մեր հանգուցյալներին»։

 

Խաչերթի ավարտին, իր մաղթանքը հղելով բոլոր հավատացյալներին, տեր հայրն ասաց․ «Իմ ցանկությունն է, որ Տիրոջ կենարար խաչը պաշտպան լինի բոլորիս և մենք խիզախորեն և մեծ հավատքով քայլենք Տիրոջ խաչի ետևից։ Չուրանանք՝ մեզ կյանք պարգևած  Երկնային Հորը, չամաչենք մեր խաչից, այլ ուրախ լինենք, որ ունենք հավիտենական կյանքի ճանապարհը և ուրախ լինենք, որ մեր հավատքի նշանը Տիրոջ խաչն է»։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

  • 2022-09-11
×