Մարգարեությունը Հին Կտակարանի կարևոր բաժինն է: Մարգարեն այն մարդն է, ով Աստծո հետ սերտ հարաբերություն է ունեցել, սուրբ գրային բառով՝ «Աստծո հետ խոսել» է, կա՛մ Նրանից պատգամ ստացել, կա՛մ էլ Աստծո կողմից ուղարկվել է որևէ անձի կամ ժողովրդի պատգամ հաղորդելու համար:
Մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և պատրաստում Տիրոջ գալստյանը: Նրանք հայտնի են դարձնում Աստծո կամքը և էությունը: Նրանք դատապարտում են մեղքը, նախազգուշացնում են դրա հետևանքների մասին և օգնում են խուսափել մոլորություններից:
Երբեմն նրանք մարգարեանում են ապագա իրադարձությունների մասին. կարողանում են կատարել այդ պարտականությունները, քանի որ ստանում են իշխանություն և հայտնություն Աստծո կողմից։
Եզեկիել
Թեև Երեմիա մարգարեի ժամանակակիցն է, սակայն ինչքանով որ շատ են և ստույգ Երեմիայի մասին մեր ունեցած տվյալները, այդքանով քիչ և անորոշ են Եզեկիելի մասին մեր տեղեկությունները: Հայտնի է, որ Եզեկիելը Երուսաղեմի տաճարի քահանաներից էր: Եզեկիելի տեսիլքներից մեկը մարգարեանում է գալիք համընդհանուր հարության մասին: Նա մարգարեանում է Փրկչի գալստյան և աշխարհի վախճանի մասին:
Երուսաղեմի գրավումից ու կործանումից հետո, Ն. Ք. 597 թվականին, Նաբուգոդոնոսոր արքան նրան մյուս իսրայելացիների հետ Բաբելոն է աքսորում: Աստված նրան 4 տարի անց կանչում է, որպեսզի դառնա իր մարգարեն: Սուրբ Եզեկիել մարգարեն ունեցել է նաև հրաշագործության շնորհ: Նրա աղոթքով Քոբար գետի ջրերը երկու մասի են բաժանվում և հրեաներն անցնում են գետի մյուս ափ: Իսկ սովի ժամանակ Աստծուց խնդրում է քաղցածներին կերակրել և այլն: Ըստ եկեղեցու ավանդության՝ Եզեկիել մարգարեի կյանքն ավարտվում է նահատակությամբ: Դանի ցեղի առաջնորդ իշխանին կռապաշտության համար հանդիմանելու պատճառով նրան կապում են վայրի ձիերից և այսպիսով նրա մարմինը կտոր-կտոր անում:
Եզր կամ Եզրաս
Եզրը կամ Եզրասը Ահարոնի ցեղից քահանա և օրենսգետ էր: Ապրել է Ք. ա. 5-րդ դարում: Պարսից Արտաշես թագավորի իշխանության օրոք Ք. ա. 459թ-ին Եզրը առաջնորդում է շուրջ 5000 աքսորյալներ հրեաների վերադարձը Բաբելոնից իրենց հայրենիք: Աստվածաշնչյան երկու գրքի՝ Եզրասի և Ա Մնացորդաց գրքերի հեղինակն է:
Եզրի գլխավոր բարեկարգությունը եղավ ջնջել և չեղյալ համարել բոլոր այն ամուսնությունները, որոնք հրեաները կնքել էին օտարազգիների հետ և այդուհետ խստիվ արգելում է նման ամուսնություններ կնքել: Նա հետամուտ էր փնտրել Տիրոջ օրենքներն ու կատարել դրանք, և սովորեցնել Աստծո հրամաննները և դատաստանները: Ըստ հրեաների ավանդության՝ Եզրն է համադրողը Հին Կտակարանի կանոնի գրքերի՝ լինելով Սուրբ Գրքին հմուտ անձնավորություն: Եզրի վախճանի մասին ոչինչ հայտնի չէ:
Զաքարիա
Զաքարիան և նրա կինը՝ Եղիսաբեթը, պատկանում էին Ահարոնի ցեղին: Զաքարիան քահանա էր և ծառայում էր Երուսաղեմի տաճարում, թեև ապրում էր Երուսաղեմից դուրս՝ Հուդա քաղաքում: Նա Ս. Հովհաննես Մկրտչի հայրն էր:
Նա և իր կինը՝ Եղիսաբեթը, ով Ս. Կույս Մարիամի մայր Աննայի քույրն էր, երկար տարիներ ամուլ էին: Երբ Զաքարիան, ծերության տարիքին հասած, Երուսաղեմի տաճարում զոհ էր մատուցում, հրեշտակն ավետում է, որ նա որդի պիտի ունենա: Հրեշտակի ավետմանը կասկածելու պատճառով Զաքարիան համրության պատիժն է կրում մինչև իր որդու՝ Ս. Հովհաննես Մկրտչի ծնունդը: Նահատակվել է տաճարում՝ սրախողխող լինելով Ս. Խորանի առջև այն բանի համար, որ թաքցրել էր իր որդուն Հերովդեսի զինվորներից: