Ս. Թովմա առաքյալի հիշատակության օր

Ս. Թովմա առաքյալի հիշատակության օր

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Թովմա առաքյալի հիշատակության օրը Նա ծանոթ է իր թերահավատությամբ: Երբ իր մյուս առաքյալ ընկերներն ասացին, որ տեսել են հարություն առած Տիրոջը, Թովմասը պնդեց, որ մինչեւ իր աչքերով չտեսնի Նրան եւ իր ձեռքը չմտցնի Նրա խոցված կողի մեջ, չի հավատա: Առավել մանրամասն տեղեկություններ Թովմաս առաքյալի մասին փոխանցում է Հովհաննես ավետարանիչը։ Այսպես` Ղազարոսի մահվան լուրը լսելուց 2 օր հետո Հիսուս աշակերտներին ասաց. «Եկե՛ք վերստին գնանք Հրեաստան»: Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, եւ նորից այնտե՞ղ ես գնում»: Չնայած որոշ աշակերտների թախանձանքին եւ բացատրություններին` Թովմասը աշակերտներին ասաց. «Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11:16)։ Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսին հարցերով ընդհատողներից մեկն էլ նա էր: Երբ Հիսուսը ասում է. «Թե ուր եմ գնում գիտեք եւ ճանապարհն էլ գիտեք», այս չի բավարարում Թովմասին, որը ասում է. - Տե՛ր, չգիտենք, թե ուր Ես գնում, ինչպե՞ս պիտի իմանանք ճանապարհը: Հիսուսը, որպես այս հարցի պատասխան, Իր նշանավոր խոսքերից մեկն ասաց. - Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ Կյանքը... (Հովհ. 14:4-6): Հովհաննու Ավետարանում Թովմաս առաքյալը հաճախ անվանվում է նաեւ «Երկվորյակ» (տես Հովհ. 11:16, 20:24, 21:2)։ Այս անվանման հետ կապված Ավանդություն ասում է, թե Թովմասը եղբայրն է եղել Թադեոս առաքյալի կամ մեկ այլ առաքյալի։ Կարծիք կա նաեւ, որ առաքյալը արտաքնապես շատ նման է եղել Քրիստոսին, ինչի համար էլ անվանվել է «երկվորյակ»։

 

  • 2022-08-27
×