«Գրաբար աղոթք ենք ասում ու հասկանում ենք». դպրոցներում շարունակվում են «Գրաբարյան օրերը»

«Գրաբար աղոթք ենք ասում ու հասկանում ենք». դպրոցներում շարունակվում են «Գրաբարյան օրերը»

Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոցում այսօր գրաբարի բաց դաս էր կազմակերպվել: Ուսուցչուհի Վարդուհի Մարգարյանի հրավերով գրաբարյան բաց դասին մասնակցում էր ԱՀԹ Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրան քահանա Առուշանյանը: Դասը տեր հայրը Տերունական աղոթքով սկսեց, ապա աշակերտներին ու ուսուցիչներին փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազան հոր ողջույնն ու օրհնությունը: Տեր Տիրանը խոսեց գրաբարի կարևորության և այն սովորելու ընձեռված հնարավորության մասին.

«Նավասարդ սրբազան հոր օրհնությամբ ու աջակցությամբ Արարատյան Հայրապետական թեմը մեկնարկել է «Գրաբարյան օրեր» ծրագիրը, որը բոլորիդ համար հրաշալի առիթ է մեր մայր լեզվի հիմքերը սովորելու: Շատերն են օտար լեզուներով տարվում, տարբեր առարկաներ սովորելու համար մեծ ջանքեր գործադրում, բայց այդ ամենի հետ մեկտեղ յուրաքանչյուրս պարտավոր է մեր մայրենի լեզուն լավ իմանալ: Գրաբարը մեզ ավելի ուժեղ ու խելացի է դարձնում: Գրաբարն է մեր հոգու լեզուն, որով խոսում, աղոթում ու հաղորդակցվում ենք մեր Արարչի, մեր Աստծո հետ»:
Աշակերտներն իրար հերթ չտալով՝ գրաբարի կանոններն ասացին, հատվածներ արտասանեցին Ս. Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» և Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունից»:
Ավարտին տեր հայրը պահպանիչ աղոթք կարդաց, ապա աշակերտներին հարցում արեց, թե ինչն էր անհասկանալի: Աշակերտները զարմանքով նշեցին, որ ամեն ինչ հասկանալի էր:
Բաց դասին մասնակցում էին դպրոցի ուսուցիչները, ովքեր նույնպես ոգևորվել էին ծրագրի մեկնարկից և առաջարկեցին մրցույթ կազմակերպել նաև ոչ բանասեր ուսուցիչների համար, քանի որ իրենք ևս որոշել են գրաբար սովորել:
«Գրաբարյան օրեր» ծրագիրը շարունակվում է: Այն այս տարի կամփոփվի մրցույթով, որի արդյունքում լավագուն աշակերտներն ու իրենց ուսուցիչները կպարգևատրվեն:

  • 2021-08-09
×