Երբևէ ինքներդ ձեզ հարցրել եք՝ կարո՞ղ ենք լինել բարի ու լավն առանց Աստծո։ Առաջին հայացքից այս հարցի պատասխանն այնքան ակնհայտ է թվում, քանի որ մենք՝ բոլորս, ովքեր քրիստոնյաներ ենք, անկասկած, Աստծո մեջ ենք գտնում բարոյական ամրության ու վճռականության աղբյուրները, որոնցով ի վիճակի ենք լինում ապրել բարոյապես ավելի լավ կյանքով, քան կապրեինք առանց Իրեն։ Սակայն, Քրիստոս չասեց լավ մարդ եղեք, այլ` նմանվեք Ինձ:
Ես իմ օրինակով կարող եմ ասել, որ հազար անգամ սխալվել եմ, բայց Աստծո հետ ամուր կապի շնորհիվ կարողացել եմ գտնել ճշմարիտ ճանապարհը: Երբ գիտակցել եմ, որ Աստված ինձ հետ է, ես փոխել եմ իմ վերաբերմունքը երևույթների և իրերի նկատմամբ: Աստվածաշունչը խորը ուսումնասիրելուց հետո հասկացա, որ աստվածային պատվիրանների միջոցով է, որ պետք է առաջնորդվենք, քանզի միայն այդ կերպ է հնարավոր տեսնել բարին ու ազնիվը, ճանաչել Աստծուն ու Նրա կամքը: Մենք միայն Սուրբ գրքում կարող ենք գտնել ու սովորել, թե որոնք ենք բարոյականության սահմանները, իսկ եթե անգամ խախտել ենք այդ սահմանը անգիտակցաբար, գոնե հիմա արդեն գիտենք, որն է Աստծո կամքը ու չենք կրկնի այն նույն սխալը, որի պատճառով ստիպված ենք եղել գլուխ կախել ու շրջապատի աչքերում վատ մարդու տպավորություն թողնել:
Ի վերջո, այս կյանքում մեր բարոյական ընտրություններն ու որոշումները հավիտենական նշանակություն ունեն, եթե այդ ընտրությունն անում ենք հանուն Քրիստոսի: Մենք հաստատակամորեն կարող ենք այնպիսի բարոյական որոշումներ կայացնել, որոնք դեմ են մեր շահերին ու նույնիսկ կարող են պահանջել ծայրահեղ անձնազոհություն, բայց պետք է գիտակցենք, որ նման արարքները դատարկ ու անիմաստ քայլեր չեն։ Մեր ապրած բարոյական կյանքը գերագույն նշանակություն ունի մեր ու առավել ևս մեր Միակի համար։