«Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ թողեցիր Ինձ» (Մատթ․ 27։46)
Մեր կյանքում երբեմն լինում են այնպիսի իրադարձություններ ու պատահարներ, որոնք մեզ թողնում են վշտի, անզորության մեջ։ Այս դեպքերի լինելիությունը և դրանց ընթացքը մեզանից կախված չեն, սակայն յուրաքանչյուրս յուրովի ենք ընկալում ցավը, տառապանքն ու վիշտը, և յուրաքանչյուրս մե՛ր հարցերն ենք ձևակերպում։
Ոմանք վիշտն ու ցավը համարում են հերթական փորձությունը, որը պետք է հաղթահարել՝ ամրապնդելով հավատքը Քրիստոսի նկատմամբ, սակայն ոմանք էլ վիշտն ու ցավը կապում են Աստծու բացակայության հետ և տալիս հարցը՝ ո՞ւր է Աստված։
Իրականում այս հարցերը հնչում են հուսահատ սրտերից, երբ ասում ենք, որ եթե Աստված լիներ, թույլ չէր տա նման աղետ, նման վիշտ։ Այս ասելով՝ մենք վստահ ենք, որ Տերը երբեք ու երբեք չի հանդուրժի մարդկային ցավն ու տառապանքը, սակայն բաց ենք թողնում մի կարևորագույն դրվագ։
Հիշո՞ւմ ենք արդյոք Փրկչի մահը խաչափայտի վրա։ Փրկիչը խաչափայտի վրա ասում է․ «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ թողեցիր Ինձ»։ Սա նշանակում է, որ Աստված մեզ հետ կիսեց մեր՝ Աստծուց հեռացած լինելու ողբերգությունը։ Աստված երբեք ու երբեք չի լքում մեզ նույնիսկ մեր փորձությունների ու տառապանքների պահին։ Չէ՞ որ Նա Ինքը կամավոր իջավ մարդկային ցավի և տառապանքի անդունդը՝ ամեն բան մեզ հետ կիսելով:
Աստված մեզ հետ է։ Այդ վիշտն ու տառապանքներն են փակում մեր աչքերը՝ աստվածային լույսը տեսնելու համար։ Ուրեմն՝ ամեն անգամ, երբ կցանկանանք կրկին հարցնել՝ ո՞ւր է Աստված, մի պահ կանգ առնենք ու վերաձևակերպենք հարցը՝ դարձնելով խնդրանք՝ Աստված իմ, խնդրում եմ, բացիր աչքերս ու թույլ տուր հաղորդակից լինել Քեզ։
Այսպես է, որ հաղթահարելու ենք ամեն տեսակի վիշտ ու փորձություն, այսպես է, որ ճանաչելու ենք Աստծուն, ամրապնդվելու ենք մեր հավատքի մեջ։