Օգոստոսի 14-ին Ս. Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Սուրբ Պատարագ մատուցեց թեմի Սուրբ Աննա եկեղեցում։ Որպես առընթերական Սրբազան հորը սպասավորում էին Տեր Պարթեւ քահանա Մուրադյանն ու Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը։
Սրբազան հայրն, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորաբար նշեց.
««ՈՒՐԱԽ ԼԵՐ, ՏԱՊԱՆԱԿ ՍՐԲՈՒԹՅԱՆ ԲԱՆԻՆ ԱՍՏՈՒԾՈՅ» (Սուրբ Գրիգոր Նարեկացի)
Սիրելի՛ հավատավոր զավակներ,
Այսօր Տիրամոր հանդեպ տածած անսահման սիրով հավաքվել ենք այս Սուրբ Խորանի առջև՝ նշելու Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը:
«Եթե Աստվածամայրն իր երկրային կյանքի ժամանակ այդքան սիրված էր և մեծ ակնածանք էր վայելում առաքյալների, ապա նաև՝ առաջին քրիստոնյաների կողմից, պատճառն այն էր, որ նրա անձի մեջ խտացած էր մայրության բարձրագույն արտահայտությունը» (Գարեգին Ա կաթողիկոս): Հայ ժողովուրդը Մարիամ Աստվածածնին մարմնավորել է սրտամոտ երգերում, շարականերգության ու ավանդազրույցների մեջ, օրհնության խոսքերում: Մենք բազում սրբատեղիներ ենք հիմնել Սուրբ Կույսին մեծարելու և երկրպագելու համար: Մեր ժողովուրդը սրտառուչ պատմություններ է հյուսել նրա գեղեցկության, մաքրության և վեհության մասին: Սուրբ Մարիամը եղել է և կա որպես ներշնչանքի անսպառ աղբյուր մեր ժողովրդի և նրա ստեղծարար զավակների համար: Նրա կերպարը սիրելի է արվեստագետների համար և արտահայտվում է արվեստի գրեթե բոլոր ճյուղերում: «Մեղեդի ծննդյան» տաղում սուրբ Գրիգոր Նարեկացին քնքշորեն գովերգում է Աստվածամոր «մարգարտափայլ գեղեցկությունը», որը երկնային լույս, գեղեցկություն և մաքրություն է ճառագում։ Նրան անզուգական դարձնող ամենամեծ զարդը նորածին մանուկն է՝ Փրկիչը։ Աստվածամոր պաշտամունքը մեզանում վեր է ածվել մարեմաբանության: Սուրբ Մարիամ, մայրություն, մարեմություն, մարեմաբանություն՝ մշակութային յուրովի շաղախ, որը հիմք դրեց մայրության մշակույթին: Սուրբ Կույսը Հայ եկեղեցու սրբերի սուրբն է, այն ընտրյալ էակը, որն իր վեհությամբ, առաքինությամբ ու մաքրությամբ արժանացավ կրելու այն սուրբ պտուղը, որ Աստված առաքեց երկիր՝ որպես համայն մարդկության փրկություն և կյանքի աղբյուր:
Աստծո մարդեղության անոթ Տիրամայրը սրբերից ու հրեշտակներից բարձր է դասվում: Մենք նրան անվանում ենք սրբության խորան և երկնքի դուռ, Աստծո էջք և խաղաղության միջնորդ, կենդանության բաշխիչ ու համապայծառ ծաղիկ, երկնային տաճար, հաստատություն երկնի և երկրի: Աստված երկրի վրա ընտրեց շնորհընկալ կույսին, աստվածության հուրը տվեց նրան ու մարդացավ նրանում որպես Մանուկ Հիսուս: Տիրամայրը՝ որպես մի նոր անկեզ մորենի, կրեց աստվածային հուրը, կրեց իր Միածին Որդու համար սահմանված տառապանքները և, ինչպես Սիմեոն ծերունին է ասում, ընդունեց իր սրտի միջով անցնող սուրը: Նա կատարյալ մոր տիպար է, որդեսեր, նաև որդուն հասցված տառապանքն անմռունչ կրող: Այդ նվիրումով, կենսաուժի այդ օրինակով է ձգտում ապրել յուրաքանչյուր հայ մայր:
2000 տարուց ավելի է, ինչ վերապատմվում է Սուրբ Կույսի վերափոխման հետ կապված սրբազան ավանդությունը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից մոտ 15 տարի անց մահանում է Սուրբ Մարիամը: Նրան ամփոփում են Գեթսեմանիում, որտեղ երեք օր անընդմեջ հնչում են հրեշտակների օրհնության և փառաբանության մեղեդիների հնչյունները: Տիրամոր պատկերը Հայաստան բերած Բարդուղիմեոս առաքյալը ներկա չի լինում կույսի հուղարկավորությանը և Երուսաղեմ է գալիս ուշացումով: Վերջին հրաժեշտը տալու համար նրա խնդրանքով բացվում է Սրբուհու գերեզմանը: Ներկաներն ականատես են լինում հրաշքի. Կույսի մարմինն այնտեղ չեն գտնում: Հիսուս, Իր խոստումի համաձայն, վերափոխել էր Իր մորը և որպես երկնային արքայության ընտրյալ, փոխադրել երկինք: Այս ավանդությունն է հիմքն այսօրվա տոնակատարության՝ վերափոխման տոնի:
Սուրբ Պատարագի ավարտին պիտի կատարենք խաղողի օրհնության կարգ։ Հայ Եկեղեցին օրհնության համար, որպես այգեքաղի երախայրիք, պտուղների միջից նախապատվությունը տալիս է խաղողենու ողկույզին: Աշխարհակործան ջրհեղեղից հետո Նոյ Նահապետը՝ որպես «այր հողագործ» (Ծննդոց Թ 20), Արարատ լեռան ստորոտի դաշտավայրում այգի է տնկում և խաղողագործությամբ զբաղվում: Այդ ժամանակից ի վեր որթատունկի պտուղը դառնում է Արարատյան դաշտավայրի զարդը, համարվում պտուղներից ազնվագույնը:
Մեր Տերն Ինքն Իրեն նմանեցրել է խաղողենուն (Հովհ. ԺԵ 1-8): Ինչպես որթն իր կենարար հյութերով աճեցնում ու հասունացնում է ողկույզները, նույնպես և Բանն Աստված Իր Սուրբ Մոր արյունից Իր Մարմինը կազմեց և անխառն ու անշփոթ տնօրինական խորհրդով անճառապես միավորեց Իր Աստվածությանը: Ինչպես խաղողենին իր պտուղների արյամբ՝ գինիով, մարդկային ազգին ուրախարար ու կազդուրիչ հյութ է տալիս, նմանապես և Աստվածածնի կենդանարար Ողկույզը՝ Քրիստոս Աստված, Իր Արյունն է պարգևում յուրայիններին, ինչը Սուրբ է, քավչարար ու կեցուցիչ՝ հավիտենական կյանքի պատճառ (հմմտ. Հովհ. Զ 54-55):
Սո՛ւրբ Տիրամայր: Սո՛ւրբ Մարիամ: Մեր աղոթաձայն մրմունջների անտրտո՛ւնջ ունկնդիր, մեր երկնառաք հայցերի սպասավոր: Բերկրյա՛լ Կույս, որ հավիտենական միջնորդն ես երկնի ու երկրի, մեր և քո Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջև: Մա՛յր և Կո՛ւյս, աղախի՛ն Քրիստոսի, դո՛ւ, որ միշտ աշխարհի համար բարեխոս ես, բարեխոսի՛ր մեր հոգիների փրկության համար: Ամեն»։
Սուրբ Պատարագի ավարտին Նավասարդ Սրբազանը կատարեց Խաղողօրհնեքի կարգ։ Օրհնված խաղողը բաշխվեց հավատավոր ժողովրդին։
Ապա Պահպանիչ աղոթքով Սրբազան հայրն արձակեց ժողովրդին։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին