«Չեմ թողելու քեզ մայր Իմ, Տիրուհի»

«Չեմ թողելու քեզ մայր Իմ, Տիրուհի»

Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է

 

«Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է» (Ղուկ. 1: 28): Այս խոսքերով էր, որ Սուրբ Մարիամի կյանքը լցվեց աստվածային շնորհներով, նոր իմաստ ու առաքելություն ստացավ։ Նա ծնեց ու հնարավորություն ունեցավ ճանաչելու Աստվածորդուն։

 

Այսօր՝ օգոստոսի 14-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք)։ Այն Տիրամորը նվիրված ամենահին տոնն է և Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը:
 Տիրամոր Վերափոխման տոնը նշվում է օգոստոսի 15- ի մերձակա կիրակի օրը: 

 

Աստվածածնի Վերափոխումը

 

Քրիստոսի Համբարձումից հետո 12 տարի շարունակ Սուրբ Մարիամը Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո ապրում է Երուսաղեմում ՝ միշտ հնազանդ Աստծո կամքին։ Եվ երբ արդեն հասավ ժամը, Սուրբ Կույսը պետք է փոխվեր այս մարմնավոր կյանքից։ Վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը, ով Տիրամորը ավետել էր Քրիստոսի ծննդյան լուրը։ Այս անգամ հրեշտակը երկրից երկինք փոխման ավետիսը տվեց:

 

 Հրեշտակը երևաց Կույսին աղոթքի պահին՝  ասելով. «Մա՜յր սրբության և առագա՜ստ երանության, տաճա՜ր խնդության և քաղա՜ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՜րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:

 

Այս լուրից 14 օր անց, կրկին եկավ Գաբրիել հրեշտակապետը և կրկին Տիրուհուն ավետեց Աստծու մոտ փոխվելու մասին, ինչից բերկրեց Մարիամը, և զվարճացավ նրա հոգին։ Ապա, ևս տասներկու օր անց, երրորդ անգամ եկավ Գաբրիելը և դարձյալ խորնարհվելով տիրածին Կույսի առջև՝ ասաց. «Ուրախացի՜ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին», և նրան տվեց բրաբիոնի մի պսակ, որը հյուսել և բերել էր դրախտից: 

 

Իսկ ամենասուրբ Կույս Մարիամը, երբ ստացավ իր երկինք փոխվելու ավետիսը և բրաբիոնի պսակը, գնաց Ձիթենյաց լեռը՝ աղոթելու, և բոլոր բույսերն ու տնկիները կրկին խոնարհվելով՝ երկրպագեցին նրան: Իր աղոթքում Աստվածածինն այսպես էր ասում. «Դու իմ Տեր Հիսուս և Որդի, Քո Հոր՝ Աստծու և իմ՝ Քո աղախին մոր, Տեր իմ Միածին, Դու Ինքդ խոստացար գալ ինձ մոտ, որպեսզի Քեզ ավանդեմ իմ հոգին»: Այդժամ երկնքից մի ձայն նրան պատասխանեց. «Չեմ թողելու քեզ մայր Իմ, Տիրուհի, այլ կգամ քեզ մոտ և կկատարեմ քո խնդրանքը»:

 

Սուրբ Կույսը ննջեց գոհությամբ՝ շուրթերին Քրիստոսին հղվող օրհանքները, քանզի Փրկիչն իր խոստմանը հավատարիմ մնաց։ Նրա մարմինը, որ անուշահոտ խնկի բույրով էր բուրում և բնավ այլակերպված չէր, պատանեցին, դրեցին գերեզման։ Տերը, Աստվածամորը հանգչեցրեց Իր  փառքի աթոռի աջ կողմում՝ ըստ սաղմոսերգուի խոսքի. «Թագուհին կանգնած է քո աջից» (Սաղմ 44։10)։ 

 

Ընդամենը երեք օր մնաց սրբուհու մարմինը գերեզմանում։ Նա հինգշաբթի ննջեց և կիրակի վերափոխվեց, քանի որ չէր կարող աստվածընկալ մարմինը մնալ երկրում, այլ իրեն արժանի փառքով, պետք է բարձրանար երկինք:  

 

Խաղողօրհնեք 
 

Տոնի օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։ Սուրբ Պատարագից հետո կատարվում է Խաղօղօրհնեքի կարգ, ապա օրհնված  ողկույզները բաժանում են ժողովրդին: Բոլոր պտուղներից հենց խաղողն է օրհնվում, քանզի Տերը խաղողի որթը բոլոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Ինքն իրեն խաղողի որթ անվանելով:
 

Խաղողօրհնեքի ժամանակ օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը: Ինչից հետո օրհնված խաղողից պատրաստվում է գինի, որոնք հավատացյալները պահում են մինչև մյուս Խաղողօրհնեքը իբրև բերքառատության և լիության խորհրդանիշ:
 

Խաղողօրհնեքի ժամանակ կան նաև հատուկ տոնելի անուններ ինչպիսիք են`Մարի,Մարիամ, Նազենի, Տենչելի, Իսկուհի, Իշխուհի, Տիրուհի, Թագուհի, Մաքրուհի, Սրբուհի, Լուսնթագ, Լուսաբեր, Լուսիկ, Լուսամայր, Լուսածին, Արեգ, Արևիկ, Երանուհի, Երանյակ, Նազիկ, Մարգարիտ, Աղավնի, Դշխո, Բերկրուհի, Անթառամ, Արուսյակ, Պերճուհի, Վերժին, Վերգինե, Կուսինե, Գեղանիկ, Երջանիկ, Արշալույս, Գեղանույշ, Մարիանույշ , Մարո և այլն:
 

Խաղողօրհնեքի սրբազան արարողությունն ունի իր նշանակալից դերն ու ազդեցությունը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում: Ուստի ըստ քրիստոնեական ավանդույթի խաղող կարելի է ուտել միայն օրհնությունից հետո:

 

Խնդրենք Աստվածամոր բարեխոսությունը մեզ, մեր ընտանիքների, մեր զավակների, մեր Հայրենիքի և մեր Եկեղեցու համար: Խնդրենք ոչ թե փաստելով Աստծո գոյության մասին, այլ ողջ սրտով հավատալով Նրան և հետևելով Տիրամոր օրինակին:  

 
  • 2022-08-14
×