Սուրբ Աստվածածնի Վերափոխման շաբաթապահքն է մեկնարկում
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ շաբաթից կնշի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը։ Նշենք, որ տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և համարվում է Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Արժանանալով Քրիստոսին լույս աշխարհ բերելու բերկրանքին՝ Տիրամայրը շարունակ իրեն համարում էր ծառան և աղախինը Աստծո: «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. 1:38):,- ասաց խոնարհ Աստվածամայրը, երբ լսեց, թե ինչ շնորհի է արժանացել Տիրոջ կողմից։
Սուրբ Մարիամի այս խոնարհությունը Տիրոջ աչքերում չէր կարող առանց վարձի մնալ, և հենց դրա մասին է վկայում Աստվածամոր Վերափոխումը, որը շուտով նշելու ենք։
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, սակայն, նախորդում է շաբաթապահք, որը սկսվելու է երկուշաբթի օրվանիցից և տևելու է մինչև ուրբաթ: Պահք պահողները, կիրակնօրյա Սուրբ Պատարագին մասնակցելով և Սուրբ Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից:
Եվ ամեն անգամ, երբ կրկին Պահք պահել- չպահելու որոշման առաջ ենք, առաջին հարցը, որ տալիս ենք ինքներս մեզ, հետևյալն է՝ ինչո՞ւ պիտի պահք պահեմ։
Պահքը մաքրում է մեր հոգին և մարմինը։ Պահք ասելով առաջին հերթին պատկերացնում ենք սննդի ու հոգևոր պահեցողությունը՝ ընդհանուր վերցրած։ Դրանք միասնաբար են հանդես գալիս և առանց մի բաղադրիչի՝ հոգևոր կամ սննդային, պահքը պահք չես համարի։
Պահքը հսկում է։ Պահքի ընթացքում մեր միտքը հսկում է հոգուն՝ այնտեղ պահված գանձը պահպանելու, իսկ երբեմն էլ՝ գտնելու ու լույս աշխարհ հանելու համար։
Պահքը, ուրեմն, թե՛ պահպանում է եղած հոգևոր արժեքները և թե՛ բացահայտում դրանք։
Պահքն ազատություն է։ Մեզ համար շատ են առիթները մտածելու, թե պահքն իրականում սահմանափակում է։ Սակայն մի՞թե սահմանափակում կհամարես միայն որոշ ուտեստներից հրաժարումը։ Պահքը տալիս է հնարավորություն և ժամանակ՝ վերագտնելու հոգու ազատությունը։Պահքի տված ազատությունը պայմանավորված է ոչ միայն մեղքից, մոլություններից, կախվածություններից ու պարապ զբաղմունքներից հրաժարվելով, այլ նաև հարատև աղոթքով, բարի ընթացքով ու պատվիրանապահությամբ:
Պահքն ուրախություն է։ Տկարեցնելով մեր մարմինները՝ մենք լավ գիտենք՝ ուրախությունն ու հոգևոր ցնծությունը մոտ են և շուտով թակելու են մեր հոգիների դռները, որոնք միշտ բաց են Քրիստոսի և Նրա խոսքի առաջ։
Պահքը հնարավորություն է։ Մեղքեր, այո՛, գործում ենք, սակայն ունենք նաև զղջման ու ապաշխարության հնարավորություն։ Ինչո՞ւ, ուրեմն, չօգտվենք այս հնարավորություններից և քարանանք մեր մեղքերի մեջ, եթե կարող ենք ինքներս մեզ ճանաչելով՝ էլ ավելի մոտենալ Աստծուն։
Ուստի՝ պահենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած պահքերը՝ այս անգամ Սուրբ Աստվածամոր բարեխոսությունը հայցելով։ Թող Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ կարողանանք հաղթահարել ամեն դժվարություն ու փորձություն՝ հաստատվելով մեր հավատքի մեջ։