Սրբանկարչությունը շնորհ է՝ տրված Աստծո կողմից

Սրբանկարչությունը շնորհ է՝ տրված Աստծո կողմից

Հայ Եկեղեցու ծիսակարգն ու հարդարանքն անհնար է պատկերացնել առանց սրբանկարչության: Մեր այսօրվա զրույցը սրբանկարիչ Մարիաննա Հովհաննիսյանի հետ է, ում  աշխատանքները զարդարում են ոչ միայն հայաստանյան և արտերկրի տարբեր եկեղեցիներ, այլև անհատական հավքածուների մաս են կազմում:

 

-Մարիաննա՛, ինչպե՞ս սկսվեց Ձեր մուտքն արվեստի աշխարհ:

-Դեռ վաղ տարիքից անտարբեր չեմ եղել արվեստի և գեղեցիկի հանդեպ: Այդ էր պատճառը, որ դպրոցական տարիքում հաճախում էի բազմապիսի խմբակների, ինչի շնորհիվ էլ դպրոցն ավարտելիս արդեն տիրապետում էի ասեղնագործության, գոբելենագործության, կարպետագործության, փայտի փորագրության հմտություններին: Այդ պատճառով էլ ուսումս շարունակեցի Խ. Աբովյանի անվան ԵՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտեի  «Դեկորատիվ կիրառական արվեստ»  բաժնում: 

 

-Ինչի՞ց սկսվեց Ձեր հետաքրքրությունը սրբանկարչության հանդեպ:

-Շատ էի սիրում դիտել  հոգևոր բնույթի հաղորդումներ, որտեղ ցուցադրվում  էին  նաև որմնանկարներ և սրբապատկերներ: Ես տպավորված էի դրանց բազմազանությամբ և գեղեցկությամբ:  Բնականաբար հետաքրքրություն առաջացավ իմանալու, թե սրբանկարչության ի՞նչ ավանդույթներ կան Հայ Առաքելական Եկեղեցում,  և արդյո՞ք կան դասընթացներ, որտեղ կարելի է սրբանկարչության հմտություններ ձեռք բերել: 2005-2006 թթ. էին, և այս արվեստով զբաղվողներ գրեթե չկային: Երկար փնտրտուքներից հետո իմացա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուն  կից «Կոզեռն» կենտրոնում գործող սրբանկարչության դպրոցի մասին, որը ստեղծվել և  գործում էր լուսահոգի Աբրահամ Ազարյանի շնորհիվ: Ես սիրով սկսեցի այցելել դասերին  և մեկ տարի անց  Աբրահամ Ազարյանի առաջարկությամբ  շարունակեցի հմտանալ սրբանկարչության մեջ: Կրկին իր առաջարկով  «Աստվածաշնչյան ընկերություն»-ում և Արարատյան Հայրապետական թեմի ՔԴԿ-ում  նրա հետ սրբանկարչություն էինք դասավանդում:

2007 թ.  Մոսկվայի տանը կազմակերպվեց Աբրահամ Ազարյանի դպրոցի մասնակիցների աշխատանքների ցուցադրություն, որին առաջին անգամ մասնակցեցի նաև ես: Այդ ընթացքում  անհատական պատվերներ էի ունենում և՛ տարբեր եկեղեցիներից, և՛ անհատներից:

 

-Ինչպիսի՞ն պետք է լինի սրբապատկերը, և  ի՞նչ է պահանջվում սրբանկարչից՝ կատարյալ սրբանկար ստանալու համար:

-Սրբանկարը նախևառաջ  աղոթք է և պետք է դիտողի մոտ աղոթելու ցանկություն առաջացնի: Չէ՞ որ սրբերը մարդկանց համար  բարեխոս են Աստծո  առջև: Սա մեծ պատասխանատվություն է, քանի որ կապված է հոգևոր աշխարհի, աստվածային իրողությունների հետ: Այստեղ անխախտելի կանոններ կան, որոնք վերաբերում են և՛ գույնին, և՛ գծին, որոնցից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունի:  Ընդհանրապես կարևոր է նախ ծանոթանալ սրբի վարքին. այդ ընթացքում է, որ սրբանկարչի մտապատկերում ուրվագծվում է նրա կերպարը: Ցավոք հիմա շատ են հանդիպում  ուղղակի ընդօրինակումներ, որոնք պատկերագրության հետ ոչ մի կապ չունեն: Սրբանկարչությունը շնորհ է  տրված  Աստծո կողմից.  «Մարդն իրենից  որևէ  բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ  երկնքից  այդ  տրված  չէ»  (Հովհաննես 3.27):

 

-Կարո՞ղ ենք ասել, որ սրբանկարչությամբ զբաղվելը Ձեզ համար նաև  հավատքի ճանապարհ էր:

-Այո՛, իհարկե: Մինչ այդ էլ իմ մեջ կար հավատն առ Աստված:  Բայց սրբանկարչությունը, անշուշտ, մեծապես նպաստեց, որպեսզի ես ավելի խորությամբ ուսումնասիրեմ հոգևոր իրողությունները: Առանց լուրջ հոգևոր գիտելիքների չես կարող սրբապատկեր ստեղծել: Հետևաբար սրբանկարչությամբ զբաղվելուն զուգընթաց ես աճեցի նաև որպես քրիստոնյա:

 

-Ձեզ համար սրբանկարի ստեղծման ընթացքն ավելի շատ ստեղծագործակա՞ն, թե՞ աղոթական հոգեվիճակ է:

-Սրբանկարչությունը ստեղծագործություն չէ այն իմաստով, ինչպես ընդունված է գեղանկարչության մեջ: Այստեղ հստակ կանոններ կան, որոնք խախտել չի կարելի: Այն առավելաբար վերաբերում է հոգևոր ապրումներին:  Ասեմ ավելին, սրբանկարիչը աշխատելիս պետք է խնդրի տվյալ սրբի բարեխոսությունը, որպեսզի  կարողանա ստանալ նրա պատկերը: Ստեղծագործական մոտեցումը վերաբերում է իմ մյուս՝ դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքներին՝ սրբապատկերի համադրմամբ: Դրանք են  սրբապատկերներով զարդարված զատկական հավկիթները, խաչվառները կամ փայտի փորագրությամբ շրջանակներով սրբապատկերները: Այստեղ ես կարող եմ որոշակի ստեղծագործական մոտեցում ցուցաբերել:

 

-Երբևէ գայթակղություն չի՞ առաջանում զբաղվել գեղանկարչությամբ: 

-Ո՛չ: Ես սիրում եմ սրբանկարչությունը և աշխատելիս հոգով խաղաղվում եմ: Պատահում է, որ երբեմն շեղվում եմ և ինչ-որ դեկորատիվ կիրառական արվեստի  գործ  պատրաստում: Այդ աշխատանքների  հիման վրա 2021 թ.  Հովհ. Շարամբեյանի  անվան   ժողովրդական  արվեստի   թանգարանի  կողմից արժանացել եմ  «Ժողովրդական  վարպետի»  կոչման՝  «Դեկորատիվ կիրառական  արվեստ»  անվանակարգում:

 

-Դուք նաև  նվիրատվություններ եք անում եկեղեցիներին:

-Անկեղծ ասած, ես այդ մասին խոսել չեմ սիրում: Կարծում եմ, որ Աստծուց տրված նման մեծ շնորհի դիմաց իմ արածը շատ չնչին բան է  և ես պարտավոր եմ ինչ-որ կերպ շնորհակալ լինել Աստծուն: Շատ ուրախացա, երբ վերջերս իմացա, որ իմ հերթական աշխատանքներից երկուսը ՝ խաչվառը և Սուրբ Սեղանի խաչը, որ նվիրել էի Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցուն,  արժանացան Նավասարդ սրբազանի օծմանը:

 

Մարգարիտ ՔԵՇԻՇՅԱՆ

 

  • 2022-08-03
×