ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, երկու տարվա դադարից հետո թեմի եկեղեցիներում այս տարի վերսկսվել են ամառային հոգևոր բակային ճամբարները։
Այսօր ԱՀԹ-ում կազմակերպվող նման ճամբարներից մեկի՝ Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Տիրամոր Մանկունք» հոգևոր բակային ճամբարի ամփոփումն էր։ «Տիրամոր Մանկունք» ճամբարը նախ և առաջ կրում է հոգևոր բնույթ և նպատակ ունի հայորդիների մեջ սեր և նվիրում սերմանել քրիստոնեության, Սուրբ Գրքի, Եկեղեցու հանդեպ։ Սակայն բացի հոգևորից ճամբարի շրջանակում տասն օր շարունակ երեխաները մասնակցել են նաև մի շարք այլ խմբակների՝ ազգային երգ ու պար, կավագործություն, նկարչություն, մարմնամարզություն և այլն։
Ճամբարին այս տարի մասնակցել են 80 երեխաներ՝ 7-15 տարեկան, Նոր Նորք վարչական շրջանից։ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուրախությամբ են արձանագրում՝ այս տարի երեխաների թիվն աննախադեպ է եղել․ «Մենք ի վիճակի էինք նույնիսկ ավելի մեծ թվով երեխաների ընդգրկել և հույս ունենք, որ հաջորդ տարիներին հենց այդպես էլ կլինի, և ավելի մեծ թվով երեխաներ կկարողանան մաս կազմել մեր ճամբարներին»։
Ճամբարի կազմակերպիչները մոտ 20-ն են՝ եկեղեցու համայնքից։ Նրանք միասնաբար, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի գլխավորությամբ, լծվել էին երեխաների ամառային առօրյան էլ ավելի հետաքրքիր և բովանդակային դարձնելու գործին։ Տեր հայրը խոսելով կազմակերպիչների մասին, ասաց․ «Հատկանշական է այն, որ ճամբարի կազմակերպչական թիմում ներգրավված երիտասարդները նախկին ճամբարականներ են։ Այսօր նրանք արդեն որպես ջոկատավարներ են ներգրավված այն ճամբարում, որի մասնակիցն են եղել տարիներ առաջ»։
Տեր հայրը նաև պատմեց, որ երեխաները մեծ ոգևորությամբ ու սիրով են մասնակցել հոգևոր զրույցներին, ավետարանական առակների սերտողություններին։ «Այն գիտելիքը, որը փոխանցվում էր երեխաներին հոգևոր դասընթացի ընթացքում, հետագայում ամրապնդվում էր նկարչության, ֆիլմի դիտման կամ քննարկման միջոցով»։
Ճամբարի ամփոփիչ միջոցառումը մեկնարկեց Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։ Միջոցառմանը ներկա էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը, ճամբարականների ծնողներ, հարազատներ, եկեղեցու համայնքի անդամներ։ Արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, ինչից հետո Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը հանդես եկավ օրհնության խոսքով։ Տեր Հայրը ներկաներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու ողջույնները՝ մասնավորաբար ընդգծելով, որ Սրբազան Հոր օրհնությամբ երկար տարիներ շարունակ մեր թեմի եկեղեցիներում կազմակերպվում են հոգևոր ճամբարներ, և մեր եկեղեցում եղած այս պատկերը միայն մի հատվածն է այն ամենի, ինչ կատարվում է մեր թեմում»։
Չորս ջոկատները, որոնք կրում էին չորս ավետարանիչների անունները՝ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես, ներկայացրին այն ամենը, ինչ հասցրել էին սերտել այս տասն օրերի ընթացքում։ Եկեղեցու բակում հնչում էին ազգային երգեր ու պարեր, ժողովրդական նվագարաններ՝ քանոն և դուդուկ, ինչպես նաև շարականներ՝ երեխաների կատարմամբ։ Կից կազմակերպվել էր նաև ցուցահանդես- վաճառք․ վաճառբում էին երեխաների ձեռքերով պատրաստած կավե իրերը։
Ամփոփիչ միջոցառման ավարտին Տեր Հայրը Սրբազան Հոր անունից օրհնագրեր հանձնեց ճամբարի կազմակերպիչներին և Պահպանիչ աղոթքով արձակեց ներկաներին։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին