Հուլիսի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և առաջկցությամբ իրականացվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի՝ Վարդավառի նախատոնակը, որ կազմակերպել էին թեմի երիտասարդաց միությունները՝ «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո։
Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակից մեկնարկեց տոնախմբությունը։ Ներկաները՝ երիտասարդները, դպրոցականները, հավատացյալները, պարի խմբերն ու պարզապես տոնին միացած անցորդներն ու զբոսաշրջիկները ազգային երգ ու պարի ուղեկցությամբ, Նոյ Նահապետի ու նրա ընտանիքի կերպարների առաջնորդությամբ քայլեցին Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի մոտակա Մանկական այգին, ուր արդեն սկսվեց տոնախմբությունը, որին իրենց մասնակցությամբ յուրօրինակ շունչ էին հաղորդում «Վարք Հայոց» և «Արմենիա» պարային խմբերը։
Թեմի Երիտասարդական միությունների համակարգող, ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Այս տոնախմբության իրականացման համար շնորհակալ ենք Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Սրբազանին, ում հայրական օրհնության և անմիջական առաջակցության շնորհիվ տարիներ շարունակ մեր երիտասարդները կարողանում են ազգային տոները նշել։ Հենց սա է կենդանի քարոզչությունը՝ եկեղեցական ու ազգային տոները միասնաբար նշելը։ Մեր ազգային տոները մեր ինքնության կարևորագույն սյուներից են, և մենք՝ թեմի Երիտասարդաց միությունները, փորձում ենք ներկայացնել և փոխանցել այդ սովորությունները մեր հայրենակիցներին, մեր համաքաղաքացիներին»։
Մանկական այգում մեկնարկած տոնախմբությունը հագեցած էր ազգային երգ ու պարով։ Մասնակիցները ներկայացրին տոնի ժողովրդական սովորույթները՝ կրակի մեջ խնձոր խորովեցին և բաժանեցին ներկաներին, գաթաներ բաժանեցին, ցորենի հասկերից խաչբուռ պատրաստեցին: Թեմի երիտասարդները, վերականգնելով ազգային սովորությունները, պատրաստել էին վարունգներով ու խնձորներով զարդարված խնդում, և բեմադրեցին նաև խնդումը փախցնելու մի դրվագ։ Այս ամենն ուղեկցվում էր տոնին բնորոշ ազգային երգուպարով:
ԱՀԹ երիտասարդ Հասմիկ Միրզոյանը մասնակիցը և կազմակերպիչն է նմանօրինակ միջոցառումների։ Մեզ հետ զրույցում Հասմիկը նկատեց՝ երկու տարի ընդմիջումից հետո կարծում էին՝ մասնակիցները քիչ կլինեին, սակայն ուրախալի է արձանագրելը, որ ճիշտ հակառակ պատկերն ունեցան․ երիտասարդները, քաղաքացիներն իրեց երեխաների հետ եկել էին՝ տոնը նշելու և տոնի տրամադրությունն իրենց ընտանիքներ տանելու։
ԱՀԹ Երիտասարդական միությունների փոխատենապետ Անի Թովմասյանն էլ մեզ հետ զրույցում նշեց․ «Մենք ինքներս ենք շատ ու շատ սովորույթներ ու ավանդույթներ սովորում՝ նմանօրինակ միջոցառումներ կազմակերպելիս, ապա դրանք փոխանցում ենք միջոցառումների մասնակիցներին, ովքեր էլ հոգևոր-ազգային արժեքները տարածում են իրենց ընտանիքներում, իրենց միջավայրում»։
Միջոցառումն ավարտվեց ավանդական ջրախաղով։ Մասնակիցները վարդաջուր ցողեցին միմյանց վրա և աղավնիներ բաց թողեցին երկինք:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին