Ընտրյալները․ Քրիստոսի 12 առաքյալների և Պողոս 13-րդի հիշատակության օր

Ընտրյալները․ Քրիստոսի 12 առաքյալների և Պողոս 13-րդի հիշատակության օր

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին 12 առաքյալների և 13-րդ առաքյալ ճանաչված Պողոս առաքյալի հիշատակը նշում է միասնաբար՝ Վարդավառից մեկ շաբաթ առաջ՝ Վարդավառի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը, այս տարի՝ հուլիսի 8-ին։

 

Քրիստոսի 12 առաքյալների մասին որոշ հիշատակություններից պարզ է դառնում, թե ովքեր էին նրանք։ Այսպիսով՝ Քրիստոսի 12 առաքյալներն էին

 

Պետրոս առաքյալը, ով Աստվածաշնչում հիշատակվում է նաև որպես Սիմոն, Սիմեոն։ Նա մի ձկնորս էր, ով դարձի բերեց հեթանոս Կոռնելիոսին։

 

Հովհաննես առաքյալը, ով Հակոբոս առաքյալի հետ անվանվում է նաև Որոտման որդի՝ իր բուռն խառնվածքի տեր լինելու պատճառով։ Նոր Կտակարանի գրքերից առաքյալի գրչին են պատկանում Հովհաննեսի Ավետարանը, երեք ընդհանրական նամակները և Հայտնություն գիրքը:

 

Անդրաես առաքյալն առաջինն էր, ով միացավ Քրիստոսին՝ Հովհաննեսի հետ։ Նա Ռուսաստանի, Հունաստանի և Շոտլանդայի պահապան սուրբն է համարվում:

 

Թովմա առաքյալը բնորոշվեց որպես «անհավատ» Հիսուսի հարությունից հետո, երբ հրաժարվեց հավատալ հարությանը. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա» (Հովհ. 20:25): Բայց տեսնելով Ուսուցչին՝ անմիջապես հավատաց ու ասաց. «Տեր իմ և Աստված իմ» (Հովհ. 20:28):

 

Մատթեոս առաքյալը, ով հարկահավաք էր,  հեղինակն է Նոր Կտակարանի առաջին գրքի` Մատթեոսի Ավետարանի: Նրա Ավետարանը չորսից ամենաընդարձակն է։ Նա կոչվել է նաև Ղևի, որ նշանակում է Աստծո ընծա։ 

 

Հակոբոս առաքյալը Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրն էր, ձկնորս։ Նա Քրիստոսի ամենահավատարիմ աշակերտներից էր։ Այժմ նա համարվում է Իսպանիայի պահապան սուրբը:

 

Փիլիպպոս առաքյալը առաջինը կանչված առաքյալներից է։ Նա Բեթսայիդայից էր։ Ուսումնասիրելով սուրբ գրությունները, որտեղ նշվում էր Մեսսիայի հայտնվելու մասին՝ նա չգիտեր, որ Մեսսիան արդեն իսկ ապրում էր մարդկանց մեջ: Եվ մեծ եղավ նրա երջանկությունը, երբ Քրիստոս տեսավ նրան ու կանչեց իր ետևից:

 

Սիմոն Կանանացի կամ Նախանձահույզ անվանվող առաքյալը, ավանդության համաձայն, մեկնել է Պարսկաստան և այնտեղ էլ  նահատակվել։

 

Ալփեոսի որդի Հակոբոս առաքյալը Մատթեոս Ավետարանչի եղբայրն է և քարոզել է Ավետարանը Պաղեստինում և Եգիպտոսում, որտեղ էլ նահատակվել է՝ չարչարանքների ենթարկվելով։ 

 

Թադեոս առաքյալը, որ կոչվում է նաև Եռանվանի, համարվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիր առաքյալներից մեկը՝ Բարդուղիմեոս առաքյալի հետ միասին։ Վերջինս կոչվում է նաև Նախադավան, քանի որ առաջինն էր, ով դավանեց Հիսուսին՝ որպես Աստծո Որդի:

 

Հուդա Իսկարիովտացուն Մատթեոս և Մարկոս Ավետարանիչները զանազանում են՝ նշելով՝ «որ նրան մատնեց»։ Քրիստոս ինքը գիտեր այդ մատնության մասին և անգամ հայտնել էր իր աշակերտներին «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է» (Հովհ 13։21)։ Հուդան հետագայում զղջում է իր մատնության համար՝ տեսնելով, որ Քրիստոս դատապարտվեց։ Հետագայում 12 առաքյալների շարքում Հուդայի փոխարեն ընտրվեց Մատաթիա առաքյալը:

 

12-ից բացի Քրիստոսի պատվիրանների այլ քարոզիչները ևս կոչվում են առաքյալներ։ Նրանցից մեծագույնը Սուրբ Պողոս առաքյալն է, ով համարվում է 13-րդ առաքյալ և այս օրը հիշատակվում՝ մյուս 12-ի հետ։  

 

Լինելով նախանձախնդիր հրեա ու փարիսեցի՝ նա հալածում էր քրիստոնյաներին: Սակայն մի անգամ, երբ Սավուղը գնում էր քրիստոնյաներին հալածելու, լույս է տեսնում ու լսում Քրիստոսի ձայնը. «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում Ինձ»: Սավուղը լույսից կուրանում և տարվում է Դամասկոս, որտեղ Անանիա առաքյալը ձեռնադրում է նրան ու վերականգնում տեսողությունը: Այս ամենից հետո Սավուղը, ով հետո վերանվանվում է Պողոս, հավատում է Քրիստոսին և դառնում Նրա ջերմեռանդ աշակերտն ու քարոզիչը։ Առաքյալից մեզ հասել են Նոր Կտակարանի մաս կազմող 14 նամակներ:

 

Մենք էլ, հետևելով առաքյալների պատգամներին և տեսնելով նրանց սրբակենցաղ կյանքը, մի պահ խորհենք այս մասին՝ ի՞նչ ենք մենք անում՝ նրանց ավանդածը պահպանելու համար։ Թող որ այս օրը ևս մեկ առիթ լինի այս խոհերի համար և հենց այսօրվանից՝ այս պահից փոխվի մեր կյանքը՝ դառնալով առավել աստվածահաճո, ինչպիսին հենց իրենք ՝ առաքյալներն էին՝ լինելով միմյանցից այդքան տարբեր։

 
  • 2023-07-08
×