Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ այս տարվա հուլիսի 6-10-ը մայր հայրենիքում անցկացվեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունը։
Շուրջ երկու հարյուր երիտասարդներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, ինչպես նաև թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ, ներկայացուցիչ՝ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից մասնակցություն ունեցան արդեն ավանդական դարձած համահայկական ուխտագնացությանը։
Ուխտագնացությանը մասնակցում էին նաև 11 երիտասարդներ՝ ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, ԱՀԹ Երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ։ Տեր հայրը մեզ հետ զրույցում ասաց․ «Ուխտագնացությանը մենք մասնակցել ենք թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և առաջկցությամբ, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սրբազան հորը։ Հպատությամբ պիտի նշեմ, որ մեր երիտասարդները ուխտագնացության ողջ ընթացքում ցուցաբերել են մեծ ակտիվություն»։
Տեր հայրը նաև նշեց, որ միջթեմական համագործակցության շատ հիմքեր են դրվել այս ուխտագնացությամբ, որոնց մասին դեռ կլսենք։
Ուխտավոր երիտասարդները եղան Սևանավանքում, Վազգենյան հոգևոր դպրանոցում, ինչպես նաև եղան Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ուր ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը մատուցեց Սուրբ Պատարագ։
Երիտասարդներն այցելեցին նաև Եռաբլուր՝ աղոթք բարձրացնելու վասն հավատո և վասն հայրենյաց նահատակված զինվորների հոգիների հանգստության համար։
Ուխտագնացության ավարտին մասնակիցներին հանձնվեցին վկայականներ, տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ սիրված երգիչ- երգչուհիների մասնակցությամբ։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին