Այս խոսքերն ասաց Քրիստոս խաչի վրա, երբ հաստատեց, որ ամեն բան իսկապես ավարտվեց, և իրագործվեց մարդկության փրկագործության ծրագիրը։
Մեր կյանքում էլ լինում են շրջաններ, երբ հնչում է նույն խոսքը՝ «Ամեն ինչ կատարված է»։ Այս խոսքերը նշանակում են, որ ամեն բան այլևս անդառնալի է, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, ոչինչ շտկելու հնարավորություն չկա։ Այս խոսքերն են տեղեկացնում վերջի մասին՝ որպես մի անփոփոխ իրողության։ Սակայն հարցը ոչ թե վերջն է, այլ այն, թե ինչպես ենք մենք ինքներս ընդունում այդ վերջը՝ որպես մի իրողություն։
Ի՞նչ ենք մենք զգում, երբ ամեն անգամ լսում ենք այն մասին, որ «ամեն ինչ կատարված է»։ Ունենո՞ւմ ենք ինչ- որ բան փոխելու, ինչ- որ բան շտկելու ու վերանայելու անհրաժեշտություն, ունենո՞ւմ ենք ինչ- որ տեղ նաև զղջման զգացում։ Անշուշտ։ Որպես անկատար էակներ՝ արարքները գործելով է միայն, որ հասկանում ենք, թե ինչպես պիտի իրականում վարվեինք, եթե ցանկանում էինք առավել աստվածահաճո կյանքով ապրել, գործել առավել քրիստոնեավայել։ Այս զգացողությունը միաժամանակ թե՛ բնական է, թե՛ շտկման ենթակա, քանի որ եթե ամեն բան այդքան լավ ենք գիտակցում, կարող ենք առավել շուտ մտածել ինչ-ինչ հարցերի մասին և խնդիրների չբախվել։
«Ամեն ինչ կատարված է»։ Երբ Քրիստոս ասաց այս խոսքերը, Նրա խիղճը, հոգին ու սիրտը հանգիստ էին։ Նա չասաց սա տագնապով, թեև խաչի վրա էր և անմեղ լինելով Իր Սուրբ Արյունն էր թափում՝ մարդկության մեղքերի համար։ Քրիստոս արձանագրեց պարզապես, որ ամեն ինչ կատարված է։
Մենք էլ՝ որպես Քրիստոսի հետևորդներ, ամեն ժամ պատրաստ լինենք, քանզի Քրիստոս ասում է․ «Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը» (Մատթ․ 25։13): Եվ երբ ամեն ինչ մեզ համար էլ ավարտվի, մենք էլ արձանագրենք ոչ թե տագնապով, այլ հանգստությամբ, ինչպես Քրիստոս՝ խաչի վրա․ «Ամեն ինչ կատարված է»։