Երանելին․ Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնն է

Երանելին․ Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնն է

«Այսուհետև բոլոր սերունդներն ինձ երանի կտան» (Ղուկաս 1։48)

 

Այսօր Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնն է նշվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում: Այս տոնը Եկեղեցու՝ Տիրամորը նվիրված յոթ տոներից մեկն է։

 

Սուրբ Աստվածածնի տուփն, ինչպես նաև մյուս սուրբ մասունքները առանձնակի ուշադրությամբ հոգատարությամբ ու երկյուղածությամբ են պահպանվում Եկեղեցում։ Մասունքների միջոցով է, որ առ այսօր մարդիկ ապավինում են բժշկության, պահպանության, ցանկանում մասնակիցն ու ականատեսը լինել աստվածային շնորհների։

 

Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը տեղի է ունեցել 5-րդ դարում: Ավանդության համաձայն` Սուրբ Աստվածածնի տուփը, ուր պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխանները՝ Գալբիասը և Կանտիտասը, ովքեր որոշել էին ուխտի գնալ Երուսաղեմ՝ Պաղեստինի սրբավայրերը: 

 

Դեպի Երուսաղեմ ուխտի գնալիս՝ Գալիլիայում նրանք նկատում են, որ տեղաբնակ հիվանդների ու կույրերի հոծ բազմություն է հավաքվել մի տնակի առջև: Հետաքրքրությունից մղված՝ մոտենում են ամբոխին և տեղեկանում, որ այնտեղ, մի տուփի մեջ է պահպանվում Աստվածամոր գլխանոցը, որ նախնիներից ժառանգաբար հասել էր տանտիրուհուն և որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Երուսաղեմ հասնելով՝ նրանք նմանօրինակ տուփ են պատվիրում և, վերադառնալով, ծածուկ կերպով փոխանակում են հրեա կնոջ տանը եղած իրական տուփի հետ: Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝  երիտասարդներն այն բերում են Կ․ Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Սուրբ Աստվածածին եկեղեցում և հաստատում Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Այս տոնը Հայ Առաքելական Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ:

 

«Այսուհետև բոլոր սերունդներն ինձ երանի կտան» (Ղուկաս 1։48)՝ հենց այսպես մարգարեացավ Սուրբ Կույսն՝ այցելելով Եղիսաբեթին` Սուրբ Հովհաննես Մկրտչի մորը։ Նա քաջ գիտակցում էր իր պատասխանատվության ու դերի ծանրությունը, որ տրվել էր Տիրոջից՝ Քրիստոսին լույս աշխարհ բերելու առաքելության հետ։ «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1:38),- ասաց Աստվածածինը և հավատարիմ մնաց իր խոսքին։

 

Այսօր նշվող Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի այս տոնը ևս մեկ առիթ է՝ հիշելու Տիրամոր կատարյալ օրինակը։ Ոչ միայն սոսկ հիշելու, այլ նաև մերը դարձնելու։

 

Այսօր ոչ միայն հիշենք, թե որքան մաքուր սիրտ ու հոգի ուներ Սուրբ Մարիամը, այլ փորձենք մաքրել մեր սրտերն ու հոգիները, որպեսզի մենք էլ Տիրոջ ողորմածությանն արժանի դառնանք։ 

 

Այսօր խնդրում ենք Սուրբ Աստվածամորը, որ բարեխոս լինի մեզ համար և որ  նրա կերպարը՝ որպես քրիստոնյայի կատարյալ օրինակ կրենք մեր մեջ՝ ձգտելով լինել խոնարհ, քաջ, համբերատար ու աստվածապաշտ, ինչպիսին եղավ Տիրամայրը:

 
  • 2022-07-10
×