Երբեմն մեր կյանքում լինում են ծայրահեղ իրավիճակներ, որոնց հանդիպելով՝ ապավինում ենք Աստծո օգնությանը։ «Աստված, ինչո՞ւ չես փրկում»,- հարցնում ենք Տիրոջը՝ փրկություն ու օգնություն ակնկալելով։ Մեր այս հարցը, սակայն, կարծես լի լինի նաև հանդիմանանքով․ գիտենք, որ Նա Փրկիչն է, հապա ինչո՞ւ է զլանում փրկել։
Նման դեպքերում հիշենք Քրիստոսի երկրային կյանքի այն դրվագը, որը մեզ են փոխանցել ավետարանիչները։ Քրիստոս շատ փորձությունների ու չարչարանքների ենթարկվեց, որոնցից վճռորոշն ու ամենածանրը, ուր դրսևորվում էին անմարդկային չարչարանքներն ու աստվածային սերը՝ լի մարդկության փրկագործման առաքելությամբ, Խաչելությունն էր։
Նույնիսկ մարդկության համար խաչվելով՝ Քրիստոս արժանանում էր նախատինքի։ Մատթեոս Ավետարանիչը վկայում է, որ Քրիստոսի մոտով անցնողները նրան հայհոյում էին ու ասում․ «Վա՛հ, դու որ քանդում էիր տաճարը և երեք օրից այն շինում, փրկի՛ր քեզ. եթե Աստծու Որդի ես, իջի՛ր այդ խաչից» (Մատթ․ 27։40)։ Ղուկաս Ավետարանիչը նույնպես այս դրվագը նկարագրում է՝ վկայելով, որ խաչի մոտով անցնողներն ասում էին․ «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ և մեզ» (Ղուկ․ 23։39)։
Սակայն Քրիստոս լավ գիտեր՝ փրկելով սեփական անձը՝ չէր իրականանա մարդկության փրկության ծրագիրը։ Քրիստոս՝ Փրկիչը, չէր եկել փրկվելու, այլ՝ փրկելու, ուստի՝ զոհասեղանին դրեց սեփական կյանքը՝ գիտակցաբար։
Գողգոթայում, փաստորեն, ցավի ու Քրիստոսի մահվան կսկիծի հետ թևածում էր նաև հանդիմանանքը։ Աստվածորդին ցանկանում էր փրկել մարդկանց որդիներին, ովքեր շարունակում էին հանդիմանել նրան՝ պահանջելով հրաշք։ Նրանք չէին հավատում, չէին գնահատում անանձնականը, իրական սերը՝ պահանջելով, որ Քրիստոս վարվի ինչպես մարդ, ոչ՝ ինչպես Աստված։ Քրիստոս փրկեց, սակայն ամենքին՝ բացի իրենից։
Այսօր էլ, ավետարանական այս դրվագը հիշելով, այլևս չպահանջենք Աստծուց փրկել մեզ։ Չէ՞ որ մեր փրկությունն այլևս իրականություն է։ Այլ անդադար աղոթենք՝ Նրա զոհողությանն արժանի լինելու համար, և հանդիմանելու փոխարեն, թե «Ինչո՞ւ ինձ չես փրկում», հանձնենք ամեն բան Տիրոջ տնօրինությանը։ Չէ՞ որ այսպես էլ նմանվում ենք եսակենտրոն այն մարդկանց, ովքեր հանդիմանում էին․ «Փրկի՛ր ինքդ քեզ»։