Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բ/կ-ում վերաբացվեց Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բ/կ-ում վերաբացվեց Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը
Հունիսի 17-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի` Վիրապից ելքի տոնին ընդառաջ, տեղի ունեցավ Նոր Նորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում գործող մատուռի վերաբացումը:
Նշենք, որ տարիներ շարունակ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ներսում գործում է մատուռը, սակայն քանի որ հիվանդանոցի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր, մատուռը ևս փակ էր: Այսօր երկարատև դադարից հետո բժշական կենտրոնը վերաբացվեց, և դրա պատերից ներս գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը նույնպես բացեց իր դռները հավատացյալների, հիվանդանոցի աշխատակիցների և այնտեղ բուժում ստացող հիվանդների առաջ:
Նոր Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը մատուռում կատարեց Երեկոյան ժամերգություն, ապա՝ տոնի նախատոնակը, իսկ հետո կատարեց Անդաստանի կարգ՝ օրհնելով աշխարհի չորս ծագերը։
Մատուռի վերաբացման արարողությանը ներկա էին հավատացյալներ, հաստատությունում բուժում ստացող հիվանդների հարազատներ, բժիշկներ ու բուժաշխատողներ։
Արարողության ավարտին Տեր հայրը, դիմելով հավատացյալներին, ասաց․«Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նախատոնն է նշում մեր հավատքի գեղամեծար հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի, ով 13 տարի շարունակ իր կյանքն անցկացրեց խոր վիրապում: Մենք շատ խորհրդավոր կապ ենք տեսնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերաբացման հետ, որովհետև երկու տարի շարունակ հիվանդանոցն էլ իր փորձությունների, տառապանքների շրջանն էր անցնում: Բոլորիս քաջ հայտնի է, որ բժշկական անձնակազմի յուրաքանչյուր անդամ այդ դժվարին օրերին սրտացավորեն, գիշերները տուն չգնալով, ամիսներով հիվանդանոցում հերթապահելով՝ օգնում էր ծայրահեղ ծանր վիճակի մեջ հայտնված մեր քույրերին և եղբայրներին: Եվ հիվանդանոցը, այսօր այդ ճգնաժամային իրավիճակը հաղթահարած, Աստծո ողորմությամբ իր դռներն է բացել հիվանդների առջև: Ես մաղթում եմ, որ ձեր ձեռքը լինի հմուտ, Աստծո կողմից առաջնորդված, իսկ ձեր միտքը միշտ խոնարհ»:
Ավարտին Տեր հայրը Պահպանիչ աղոթքով ազատ արձակեց ներկաներին։