Վերջերս սկսել եմ մտածել այն հարցի շուրջ, թե ինչպես ենք մենք վերաբերում կյանքին, ի՞նչն ենք կարևորում մեր կյանքում, ի՞նչը՝ անտեսում: Ցավոք սրտի, ամենօրյա թոհուբոհի, կենցաղային խնդիրների, փորձությունների մեջ մենք հաճախ մոռանում ենք, որ մեզ տրված է ապրելու հնարավորություն, այն դեպքում, երբ շատ շատերն այլևս չունեն այդ հնարավորությունը: Գիտեք, սա շատ կարևոր իրողություն է, որը մենք անտեսում ենք, չենք կարևորում, մեզ թվում է, որ այդպես էլ պետք է լինի։
Շատ կարևոր է, որ մենք սովորենք արժանին մատուցել կյանքին ու հարգանքով մոտենալ այն ամենին, ինչ տրված է մեզ։ Իսկ ի՞նչ է նշանակում հարգել կյանքը:
Հարգել կյանքը նախևառաջ նշանակում է ամեն օր արթնանալ ու շնորհակալություն հայտնել Տիրոջը մեզ ապրելու հնարավորություն տալու համար: Կյանքում դժվարություններ լինում են ու մենք, մեր կամքից անկախ, կամ գիտակցաբար հաղթահարում ենք մեզ պատուհասած յուրաքանչյուր փորձություն։ Ու ամենևին պետք չէ ձևացնել, թե իբր ամեն բան լավ է, երբ իրականում կան խնդիրներ, հոգսեր ծանր մտածմունքներ։ Իսկ ո՞վ է ասել, որ մեր կյանքում չեն կարող լինել տխուր օրեր, չեն կարող լինել արցունքներ, հուսալքություններ:
Նույնիսկ, երբ կան խնդիրներ, ամեն նոր օրը հնարավորություն է տալիս մեզ ճանաչելու այդ դժվարությունները, որպեսզի դասեր քաղենք այդ ամենից ու վերջապես՝ սովորենք ավելի իմաստուն դառնալ: Այո՛, կյանքը կարող է տալ մեզ դժվարություններ, բայց այդ դժվարություններն աննպատակ չեն: Աստված մեր ուսերին դնում է այնքան բեռ, որքանը կկարողանանք տանել։ Ու այդ դժվարություններից յուրաքանչյուրը նպատակ ունի օգնել՝ բացահայտելու մեր ուժը: Հենց այս մոտեցման շնորհիվ մենք կարող ենք սովորել սիրել ու գնահատել կյանքը, երախտապարտ լինել ապրելու հնարավորության համար, նույնիսկ, երբ ապրելը դժվար է թվում: