Անշնորհակալ ե՞ն, թե՞ ենք

Անշնորհակալ ե՞ն, թե՞ ենք

 «Դրանցից ո՞ր գործի համար եք ինձ քարկոծում» (Հովհ. 10։31)

 

«Մարդիկ անշնորհակալ են»։ Այս միտքը երբեմն- երբեմն հայտնվում է ամենքիս գլխում այն պահերին, երբ մեր կատարած գործերը չեն գնահատվում այնպես, ինչպես որ մենք կուզենայինք դրանք արժևորված տեսնել, երբ արժանանում ենք անշնորհակալ վարմունքի։ Այս միտքը միաժամանակ դուրս է բերում մեզ ընդհանուրից, դարձնում մեկն, ով դեմ է նման արժեհամակարգին։ Այս մտքով մենք մեր աչքերում դառնում ենք «կատարյալ»՝ մշտապես գնահատող, արժևորող ու սիրող։

 

Սակայն այսպե՞ս է։ Ավաղ, ոչ։ Եթե մի պահ կանգ առնենք ու քննենք մեզ, կտեսնենք, որ մենք նույնպես այդ մարդկանց շարքում ենք։ Չէ՞ որ մենք էլ սխալական ենք, չէ՞ որ մենք էլ մեկն ենք ամենքից, չէ՞ որ անկատար ենք։  

 

Ուստի՝ ընդունելով մեզ այն սխալականների շարքերը, ովքեր հնարավոր է՝ ինչ-որ մեկի հանդեպ դրսևորում են անշնորհակալ վարք, ըստ արժանվույն չեն գնահատում այլոց զոհաբերությունը, սերն ու հոգատարությունը, նայենք ինքներս մեզ Տիրոջ աչքերով։

 

Աստծո առաջ մենք անշնորհակալներ ենք, սակայն ինչո՞ւ մեզ չի հանդիմանում։ Պատճառը պարզ է քանի որ Նրանն ենք։ Որպես հոգատար Հայր՝ Աստված ոչ թե մեղադրում ու հանդիմանում է մեզ՝ էլ ավելի ընկղմելով մեզ մեր մեղքերի ճահճի մեջ, այլ պարզում է օգնության Իր ձեռքը, որ կարողանանք այլ աչքերով նայել մարդ- մարդ, մարդ- Աստված հարաբերություններին, և որ ամենակարևորն է՝ փրկվենք։

 

Քրիստոսի՝ Աստվածորդու հանդեպ մարդկությունն անարդար, անշնորհակալ կերպով վարվեց, և այժմ ի՞նչ ենք կարծում՝ մեր հանդեպ կատարյալ արդարությո՞ւն պիտի գտնենք։ Երբ Քրիստոսին քարկոծում էին, Նա էլ արդարացիորեն հարցրեց «Բազում բարի գործեր ցույց տվի ձեզ իմ Հորից. դրանցից ո՞ր գործի համար եք ինձ քարկոծում» (Հովհ. 10։31)։ Եվ նույն դրվագում էլ  Քրիստոս ասաց «Եթե իմ Հոր գործերը չեմ անում, ինձ մի՛ հավատացեք» (Հովհ. 10։31)։

 

Եկեք մենք էլ, մեր աչքերի առաջ ունենալով այս կատարյալ օրինակը, ցույց տանք մեր գործերով, որ հետևորդն ենք Ճշմարտության, Իրականի։ Թող որ հազարավոր շնորհակալական խոսքերի փոխարեն գործենք արարքներ, որոնք փաստում են մեր քրիստոնյա լինելը։ «Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48), ասված է Սուրբ Գրքում։ Ձգտե՛նք սրան ոչ թե խոսքերով, այլ գործերով, և երբ պարսավանք ու անշնորհակալ վարվելակերպ կզգանք մեր հանդեպ, վստահ լինելով, որ մեր արարքները քրիստոնեավայել են, հարցնենք«Դրանցից ո՞ր գործի համար եք ինձ քարկոծում» (Հովհ. 10։31)։

  • 2022-06-13
×