Ինչու՞ ենք եկեղեցում փնտրում խաղաղություն

Ինչու՞ ենք եկեղեցում փնտրում խաղաղություն

Եկեղեցին ապաստան է, որտեղ մենք՝ Աստծո զավակներս, ձեռք ենք բերում խաղաղություն: 

 

Զգացե՞լ եք, որքան հաճախ ենք տագնապած սրտով մտնում եկեղեցի, մի քանի րոպե ու մենք զգում ենք մեզ այնքան ապահով, այնքան ինքնավստահ, որ մի պահ անգամ կասկածում ենք՝ արդյո՞ք վախվորած սրտով մարդը մենք էինք: Այն խաղաղությունը, հոգու ներդաշնակությունը, սրտի ուրախությունը, որ Աստծո տանն ենք գտնում, երբևէ ոչ մի տեղ ու ոչ մի մարդ չի կարող մեզ տալ: Աննկարագրելի ու անբացատրելի այս երևույթը շատ անգամներ մեզ մտածելու առիթ է տալիս: Ամեն անգամ ներքին խաղաղություն վերապրելուց հասկանում ենք՝ որքան կարևոր է Աստծո գոյությունը մեր կյանքում:

 

Խաղաղությունը ուղղակի ապահովության կամ պատերազմի, բռնության, կոնֆլիկտի և հակառակության բացակայությունը չէ: Խաղաղությունը գալիս է այն գիտելիքից, որ Փրկիչը գիտի՝ ով ենք մենք և գիտի, որ մենք հավատք ունենք Իր հանդեպ, սիրում ենք Իրեն և պահում ենք Նրա պատվիրանները, նույնիսկ, կյանքի կործանարար փորձությունների և ողբերգությունների մեջ: Այո՛, շատերիս անհեթեթ է թվում՝ ինչպե՞ս կարելի է փորձությունների մեջ եղած ժամանակչնեղանալ Աստծուց, չմեղադրել նրան, չասել, որ անարդար է մեր հանդեպ: Իրական քրիստոնյայի առաքելությունը հենց դրանում է, անկախ ամեն բանից ու ամեն իրավիճակից, պարտավոր ենք հավատքի մեջ մնալ: Սա է այն խաղաղությունը, որի մասին երազում ենք, բայց շատերս այդպես էլ չենք գտնում: Գիտեք՝ ինչու՞ չենք գտնում, որովհետև շարունակ էգոիստաբար միայն պահանջում ենք ու նեղսրտում, որ Տերը չի տալիս: Գուցե մի պահ կանգ առնենք, հասկանալու համար, իսկ մենք ի՞նչ ենք տալիս Տիրոջը: Արդյոք պահում ենք այն բոլոր պատվիրանները, որ Նա է մեզ սովորեցրել, թե մեր միակ նպատակը պահանջելն է, բողոքելը, շարունակ դժգոհելը, բայց Աստծո համար ոչինչ չանելով՝ ապրելը: Եթե մինչ այս պահը այդ կերպ ենք ապրել, գուցե հիմա հետ նայենք, հասկանանք մեր սխալները, թուլություններն ու բացթողումները, որպեսզի ճիշտ պահին դառնանք նորից Տերը:

 
  • 2022-06-10
×