Օծվեց նոր խաչքարը` նվիրված նահատակ զինվորներին

Օծվեց նոր խաչքարը` նվիրված նահատակ զինվորներին

Մայիսի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց Հայրապետի օրհնությամբ Ս․ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Գերաշնորհ Տ․ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն օծեց նոր խաչքարը։ Այն նվիրված է 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակին։ Խաչքարի հեղինակը խաչքարագործ Ռուբեն Նալբանդյանն է։

 

Խաչքարը նվիրաբերել են համայնքի անդամները, սակայն չեն ցանկացել հայտնել իրենց անունները։ 

 

Արարողությանը մասնակցում էին նահատակված զինվորների ծնողները, հարազատները, ընկերները, համայնքի անդամները։

 

Արարողության սկզբում Ս․ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տ․ Զաքարիա քահանա Ավետիսյանը ջրով ու գինով լվաց խաչքարը։ Ապա Անուշավան Սրբազանը սրբալույս Մյուռոնով օծեց խաչքարի ակը, թագը, աջ ու ձախ կողմերը, բունը։

 

Արարողության ավարտին Սրբազան հայրն իր խոնարհումը բերեց նահատակ զինվորների հիշատակին։ Նա ասաց, որ միշտ դասագրքերի մեջ էինք կարդացել պատմական իրողությունների մասին, սակայն մեր եղբայրները, զավակները դարձան նման պատմության մասնիկը` իրենց կյանքերն անձնուրացաբար նվիրելով Հայրենիքին։ Ու այսօր հարյուրավոր գրքերից բացի մեր մատաղ սերունդը պիտի հաճախ գա այս խաչքարի մոտ` որպես պատմության կենդանի օրինակ։ 

 

Ապա Սրբազան հայրն առաջինը խունկ վառեց, որից հետո հավաքվածները հերթով մոտեցան, ծաղիկներ խոնարհեցին ու խունկ ծխեցրին` աղոթելով զոհված զինվորների հոգիների հանգստության համար։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2022-05-28
×