«Վիճակ, վիճակ, ծաղկավիճա՜կ»

«Վիճակ, վիճակ, ծաղկավիճա՜կ»

Համբարձման տոնը՝ Թումանյանի այգում

 

Այսօր՝ մայիսի 26-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այդ առիթով Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, թեմի Երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ և թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ Երևանի` Թումանյանի այգում կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ հագեցած ժողովրդական սովորույթներով։

 

Թումանյանի այգում Երիտասարդաց միությունների անդամներին միացան ազգագրական խմբեր և պարզապես երևանցիներ: Միջոցառմանը մասնակցում էր նաև Արարատյան Հայրապետական թեմի «Վարք հայոց» երգի-պարի խումբը: Տոնախմբության մասնակցելու էին եկել նաև թեմի Կիրակնօրյա դպրոցների սաները։

 

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի հայրական օրհնությունը և ուրախությամբ նշեց, որ թեմի երիտասարդները Սրբազան հոր աջակցությամբ արդեն իններորդ տարին է՝ նշում են եկեղեցական այս տոնը՝ համեմված ազգային ավանդույթներով։

 

Տոնախմբության մասնակիցներից Գայանեն այս տարի մեծ հույս ունի, որ վիճակը հենց իրեն կընկնի։ Ասում է՝ շատ է սպասել այս օրվան, քանի որ տատիկը պատմել է, որ տարիներ առաջ հենց այս օրն է ծանոթացել իր պապիկի հետ։ Այստեղից էլ գալիս է նրա այն համոզմունքը, որ գուցե հենց այսօր բախտը իրեն ժպտա, և վիճակը հենց իրեն բաժին հասնի։

 

Տեր հայրը մեզ հետ զրույցում նշեց․ «Երկու տարի շարունակ դադարեցրել էինք եկեղեցական այս տոները նշելը՝ համավարակի և պատերազմի պատճառով։ Այս տարի որոշեցինք, որ սգի, հուսահատական վիճակից պիտի թևակոխենք դեպի հուսադրական վիճակ։  Սուրբ Հարության Կանթեղներով երթից սկսել ենք և այժմ էլ շարունակում ենք մեր թեմական ծրագրերը՝ նախատեսվածի համաձայն։ Այս տոնին հաջորդող քրիստոնեական մյուս տոները ևս նախատեսում ենք նշել մեծ շուքով»։ Տեր հայրը հավելեց, որ փորձում են շատերին ներգրավել ու հնարավորություն տալ՝ մասնակից դառնալու եկեղեցական տոներին։

 

Միջոցառումը մեկնարկեց ժամը 18։00-ին։ Մասնակիցները ազգային երգ ու պարի ուղեկցությամբ պտտվեցին այգով, ապա հավաքվեցին մի վայրում՝ սկսելով ջանգյուլումի հայտնի ծեսը։ Տոնի ժամանակ, ինչպես գիտենք, կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Հենց այս է պատճառը, որ Համբարձման տոնը ժողովրդի մեջ հայտնի է նաև «Վիճակ» և «Ջանգյուլում» անուններով: Շատերը այս սովորությունը թյուր կերպով մեկնաբանում են որպես գուշակություն։ Այս հարցի պարզաբանումը մեզ հետ զրույցում տվեց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը․ «Իրականում վիճակ գցելու ավանդույթը բնավ գուշակություն չէ։ Այս սովորությունը նորկտակարանյան այն դրվագի հիշատակումն է, որտեղ առաքյալները վիճակ են գցում դավաճան Հուդայի փոխարեն 12-րդ առաքյալ ընտրելու համար. վիճակն ընկնում է Մատաթիային»: 

 

Ծեսից հետո հավաքվածներին հյուրասիրեցին ավանդական կաթնապուր և գաթա։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2022-05-26
×