Ապրիլի 26-ին Ծիծեռնակաբերդը դարձյալ մարդաշատ էր: Տարիներ շարունակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի «Ծաղկահավաք» նախաձեռնությամբ ապրիլի 24-ին հուշահամալիր բերված ծաղիկները չեն թափվում որպես աղբ, այլ հավաքվում և մշակվում են:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ այսօր ԱՀԹ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Պետրոս ավագ քահանա Մայլանը և ԱՀԹ «Ծաղկազարդ» համախումբը (գեղ. ղեկավար և խմբավար՝ Լիլիթ Գրիգորյան) մասնակցեցին նախաձեռնությանը: Աշխատանքը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Տեր հայրն իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին: Այնուհետև մասնակիցները սկսեցին իրենց աշխատանքները՝ «Ծաղկազարդ» համույթի հոգևոր երգերի ուղեկցությամբ:
«Արալեզ» բարեգործական ՀԿ-ի նախագահ Սարօ Թաթյոսը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց. «Արդեն մի քանի տարի է, որ այս աշխատանքը կազմակերպելու ողջ գործընթացը վստահվել է հենց մեզ: Այսօր, այստեղ ներկա են մի շարք դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև դեսպանատան աշխատակիցներ: Ավելի քան 3000 երեխա է միացել մեր գեղեցիկ և խորհրդանշական նախաձեռնությանը: Մեր նպատակն է ոչ մի գրամ աղբ չկուտակել քաղաքում, այլ ամբողջությամբ վերամշակել ծաղիկները ու օգտագործել լավ նպատակների համար»:
Նշենք, որ Հուշահամալիր այս օրերին տարված ծաղիկները խնամքով հավաքվում են, ցողունները բաժանվում են ծաղկաթերթիկներից, ցողուններից պատրաստվում է պարարտանյութ՝ այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթերը վերամշակվում են թուղթ ստանալու համար, որը հետագայում օգտագործվում է՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար բացիկներ, շնորհակալագրեր և նամակներ պատրաստելու նպատակով:
Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: