Երեկ՝ ապրիլի 24-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում բացվեց Կիրակնօրյա դպրոց։ Դպրոցի հանդիսավոր բացումը տրվեց եկեղեցու բակում։ Իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան Անտիկյան վարժարանի սաները։ Հնչում էին հայրենասիրական բանաստեղծություններ ու կատարումներ։ Հանդիսավոր բացման ընթացքում խոսքով հանդես եկավ նաև եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը, ով փոխանցեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու ողջույնները, ինչպես նաև բեղուն գործունեություն մաղթեց դպրոցին։ Տեր հայրն իր խոսքում կարևորեց նոր սերնդի հոգևոր–ազգային դաստիարակությունը։։
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու Կիրակնօրյա դպրոցն այժմ ունի 26 սան։ Նրանց թիվը, սակայն, վերջնական չէ և աճում է։ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը մեզ հետ զրույցում կարևորեց Կիրակնօրյա դպրոցների գործունեությունը՝ ասելով․ «Մենք այսօր հպարտանում ենք, որ առաջին քրիստոնյա ազգն ենք, սակայն այդ հպարտությունը մենք չենք վաստակել։ Երբ մեզ մի որևէ հարց են տալիս՝ եկեղեցուն ու հավատքին վերաբերող, հաճախ չենք կարողանում պատասխանել։ Կիրակնօրյա դպրոցներ բացելով՝ ցանկանում ենք այնպիսի սերունդ դաստիարակել, որ արժանի լինի մեր առաքելահաստատ և հավատքի վրա խարսխված Եկեղեցու լիիրավ անդամ, առաջին հայ քրիստոնյա պետության քաղաքացի կոչվելուն։ Առանց հավատքի՝ պետությունը, հայրենիքը չի կարող գոյություն ունենալ։ Ցանկություն ունենք մեր երեխաներին մոտեցնել Եկեղեցուն, քանի որ հենց իրենք են Եկեղեցին»։
Իր խոսքը եզրափակելով՝ Տեր հայրը հույս հայտնեց, որ Կիրակնօրյա դպրոցների վերաբացումով երեխաները կկրթվեն որպես ազնիվ, հայրենասեր քրիստոնյաներ` իրենց հավատքին հավատարիմ։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին