Ս․ Հարության տոնն ԱՀԹ եկեղեցիներում
Ապրիլի 17-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Տոնն Արարատյան Հայրապետական թեմում ևս նշվեց մեծ շուքով։ Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝ իրականացվեցին մի շարք միջոցառումներ։
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության` Սուրբ Զատկի կապակցությամբ, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի նախաձեռնությամբ և Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հիշարժան միջոցառում և ավանդական հյուրասիրություն:
Զատկական միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Տարոնցիներ» ազգագրական երգի-պարի համույթը, Արաբկիրի և Նորքի հայորդաց տան սաները:
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում մեծ տոնախմբություն էր կազմակերպվել՝ համայնքի կրթական հաստատությունների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնեությունը, ուսումնական հաստատությունների ղեկավարներ, մանկավարժներ և բնակիչներ, ովքեր ևս ցանկանում էին մաս կազմել մեծ տոնախմբության։
Միջոցառումը սկսվեց միասնական Տերունական աղոթքով, հնչեցին ազգային երգեր ու պարեր՝ Մշակույթի տան սաների կատարմամբ։ Միջոցառման ընթացքում կատարվեց նաև հավկիթների օրհնության կարգ, որոնք բաժանվեցին միջոցառման բոլոր մասնակիցներին: Զատկական հյուրասիրությունն ու խաղերն էլ ավելի ամբողջական դարձրին տոնը։
Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում նույնպես տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնին նվիրված ժողովրդական տոնախմբություն՝ համերգային ծրագրով։ Կազմակերպվեց տոնական հյուրասիրություն՝ զատկական ուտեստների բազմազանությամբ և առատությամբ։ Տոնական սեղանն օրհնվեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի կողմից, որից հետո ավանդույթի համաձայն՝ հավատավոր ժողովուրդը, կարմրաներկ հավկիթներ նվիրելով միմյանց, մասնակցեց սիրո ճաշին։
Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցում տոնը նշվեց մեծ շուքով։ Տոնական Սուրբ Պատարագից հետո ներկաները հնարավորություն ունեցան եկեղեցու բակում ունկնդրելու «Տարոնցիներ» ազգագրական երգ ու պարի համույթի կատարումները, մասնակիցը դառնալու մեծ տոնախմբությանը, միասնական պարեր պարելու։ Եկեղեցու Տիկնանց միությունը նույնպես իր ակտիվ մասնակցությունն ուներ տոնական միջոցառմանը։ Կազմակերպված ցուցահանդես-վաճառքը և հյուրասիրությունն էլ ավելի ամբողջական էին դարձնում միջոցառումը՝ լրացնելով տոնական տրամադրությունը։
Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու բակում նույնպես մեծ թվով հավատացյալներ էին հավաքվել։ Տոնական Սուրբ Պատարագից հետո եկեղեցու բակում մեկնարկեց միջոցառում՝ համայնքապետարանի նախաձեռնությամբ։ Ելույթ ունեցան համայնքի անդամներ՝ ներկայացնելով ազգային երաժշտությունն ու ազգային պարերը։ Նրանց կողքին ելույթ ունեցան նաև հայտնի երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Ռուբեն Սասունցին՝ հանդես գալով ազգագրական, հայրենասիրական կատարումներով։ Ավարտին կազմակերպված տոնական հյուրասիրության ընթացքում ներկաները զատկական խաղեր խաղացին՝ էլ ավելի ամբողջական դարձնելով տոնը։
Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյանը ապրիլի Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ այցելություն էր կազմակերպել «Ջերմիկ անկյուն» տուն-ինտերնատ։ Նրան էին միացել եկեղեցու Երիտասարդաց միության անդամները և Կիրակնօրյա դպրոցի սաները։
Արդեն հարազատ դարձած տուն-ինտերնատում անհամբեր սպասում էին եկեղեցու համայնքի անդամներին, ովքեր եկել էին՝ Հարության ավետիսը հայտնելու՝ իրենց հետ բերելով Հարության և նոր կյանքի խորհրդանիշ կարմիր զատկական ձու, քաղցրավենիք և նվերներ։
Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյանը ողջունեց և միասնական Տերունական աղոթքով մեկնարկեց այցը, որից հետո օրհնեց Զատիկի տոնական սեղանը։ Մթնոլորտը ավելի ջերմ և ուրախ դարձրին Կիրակնօրյա դպրոցի սաները, ովքեր փոքրիկ բեմադրություն էին պատրաստել՝ ներկայացնելով Հարության տոնի խորհուրդը։
Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակը Սուրբ Հարության տոնին մարդաշատ էր։ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը այդ օրը համախմբել էր համայնքի բոլոր անդամներին՝ Երիտասարդաց միության անդամներին, վարչական շրջանի աշխատողներին ու պարզապես անցորդների, ովքեր ցանկություն ունեին միանալու տոնական միջոցառմանը։ Հարության ավետիսը միմյանց փոխանցելուց հետո եկեղեցու բակում մեկնարկեց տոնական միջոցառումը։ Ազգագրական երգ ու պար, գեղեցիկ տոնական հյուրասիրություն, ջերմ ու բարի մթնոլորտ՝ սա այն ամենն էր, ինչի ականատեսը եղանք տոնի օրը։
Տոնը նշվեց նաև Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Սուրբ և Անմահ Պատարագից հետո ներկաները տեղափոխեվեցին եկեղեցու բակ, ուր ունկնդիրը դարձան տոնական համերգի, որն իրականացվել էր համայնքապետարանի նախաձեռնությամբ և համայնքի մշակույթի տան սաների մասնակցությամբ։ Տոնական համերգին հաջորդեց զատկական հյուրասիրությունը, որից հետո ներկաները շարժվեցին դեպի խոնարհված Ծիրանավոր եկեղեցի, ուր նույնպես տեղի ունեցավ տոնական համերգ և հյուրասիրություն։
Տոնը նշվեց նաև Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Եկեղեցու բակում Սուրբ Պատարագից հետո կազմակերպվել էր տոնական համերգ՝ համայնքապետարանի նախաձեռնությմաբ։ Համերգին հաջորդեց զատկական ուտեստների տոնական հյուրասիրությունը։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին