Ս․ Հարության տոնը՝ Ս․ Աննա և Կաթողիկե Ս․ Աստվածածին եկեղեցիների բակում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ս․ Հարության տոնը՝ Ս․ Աննա և Կաթողիկե Ս․ Աստվածածին եկեղեցիների բակում

Ս․ Հարության տոնը՝ Ս․ Աննա և Կաթողիկե Ս․ Աստվածածին եկեղեցիների բակում

Ապրիլի 17-ին` Սուրբ Հարության տոնին, Սուրբ Աննա և  Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակում մեծ տոնախմբություն էր: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եկեղեցիների բակում  իրականացվեցին մի շարք միջոցառումներ: 
 
Ժամը 14:00-ից եկեղեցիների բակում հնչում էր ազգագրական երաժշտություն: Միջոցառումը մեկնարկեց միասնական Տերունական աղոթքով, ներկաներին փոխանցվեց Սրբազան հոր օրհնությունն ու Զատկական շնորհավորանքը: Ապա սկսվեց տոնական միջոցառումը, որի ընթացքում  «Կարին» ազգագրական երգի-պարի խումբը, խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, մարդկանց ուսուցանում էր ազգային երգեր ու պարեր: Ներկա էին ինչպես մեծ թվով երիտասարդներ, հայորդիներ, ովքեր ցանկանում էին սովորել իրենց ազգային պարերը, այնպես էլ զբոսաշրջիկներ, օտարազգիներ, ովքեր հետաքրքրված էին տեղի ունեցող տոնախմբությամբ։
 
Զուգահեռաբար եկեղեցիների բակում Հայաստանում առաջին անգամ տեղի էր ունենում «Զատկական փառատոն»` Սրբազան հոր օրհնությամբ, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:Փառատոնին աջակցում են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը,  Ֆորմիակ Արտ ընկերությունը և ՀԵՀԵՄ գրասենյակը։
 
Փառատոնում ներկայացված էին ԵՀՍԿ ՊՈԱԿ-ի սաների և այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները: Ներկաները բացի դիտորդ լինելուց հնարավորություն ունեին նաև մասնակից դառնալու` միանալով կազմակերպված վարպետության դասերին և պատրաստելով օրվա խորհրդանիշ ձեռքի աշխատանքները:
 
Եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը մեզ հետ զրույցում շնորհավորեց բոլոր հավատացյալներին` տոնի խորհրդին անդրադառնալով.  «Ցանկանում եմ նախ շնորհավորել մեր ազգին ասելով՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց», տա Աստված, որ կարողանանք այդ Հարության խորհուրդը մեր կյանքից ներս ապրեցնել»: 
 
Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակում նման մեծ միջոցառում իրականացվում է տևական դադարից հետո: Եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ 2020 թվականին հազարավոր կյանքեր խլած պատերազմին և, Քրիստոսի խոսքերը հիշատակելով, ասաց․ «Հիշենք Քրիստոսի խոսքերը՝ «Հոգիս հոժար է, բայց մարմինս տկար»: Իրապես մենք այսօր Հարության հույսով ուրախ ենք, բայց ինչ-որ չափով մեր ուրախությունը լիարժեք չէ, քանի որ ունենք նահատակներ, որոնց համար մշտապես պետք է աղոթենք ու շարունակենք նրանց ընտանիքների կողքին լինել: Երկար դադարից հետո որոշեցինք այսօր Զատկական տոնական համերգ կազմակերպել։ Այս համերգի ընթացքում հնարավորություն կունենաք տեսնելու ազգային և ռազմական պարեր, ու, վստահ եմ, որ դրա շնորհիվ մեր հոգին ավելի կզորանա ու հավատով լի կլինի»:
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
  • 2022-04-17
×