Ապրիլի 16-ին` Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտին` ժամը 20:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներն արդեն ութերորդ անգամ իրականացրին «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը ստանալով` թեմի երիտասարդները, ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց սկսեցին երթը:
Սուրբ Հարության շարականների ուղեկցությամբ անցնելով Մ․ Մաշտոցի պողոտայով՝ մասնակիցները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ քարե գորգի վրա վառվող կանթեղներով խաչ կազմեցին՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:
Թեմի երիտասարդաց միությունների համակարգող, առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, ով երթի նախաձեռնողն է, մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց․ «Նախ ցանկանում եմ շնորհավորել մեր ազգին․ «Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։ Մաղթում եմ, որ Զատկի այս ուրախ ժամանակաշրջանը մեր բոլորիս սրտերը լցվեն նոր հույսով, սիրով և խաղաղությամբ: Ցանկությունս է, որ մեր ժողովրդի ամեն զավակ Քրիստոսի Հարության ավետիսն ընդունի նորոգված հավատքով, և մենք` իբրև ազգ, Քրիստոսի հանդեպ սիրով, մեր արդար ու ազնիվ գործերով միշտ ընթանանք առաջընթացի ուղով: Թող որ Քրիստոսի Հարությունը և այն լույսը, որ մենք փորձեցինք տարածել ողջ Երևանով և Հայաստանով մեկ, նոր հաջողությունների և հաղթանակների մեկնարկ դառնա հայերիս համար»։
Քարե գորգի վրա կանթեղներով կազմած խաչի մասին Տեր հայրը մեզ հետ զրույցում պատմեց․ «Այս տարի մասնակիցներն ընտրել և քարե գորգի վրա կազմել էին 5-րդ դարի հավասարաթև խաչ, այդ խաչի պատկերը կա Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու վրա, այն կհանդիպեք նաև 5-րդ դարի քառակողմ շատ այլ կոթողների վրա»։
Նշենք նաև, որ այս տարի «Հարության Ավետիս» երթին մասնակցեցին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները, Հայոց բանակի մեր զինվորները, ՀՀ Ոստիկանության ակադեմիայի ուսանողներ, Հայաստանի Ազգային Սկաուտական շարժման անդամներ, տարբեր կազմակերպությունների երիտասարդ անդամներ, ինչպես նաև եկեղեցիների համայնքների հավատացյալներ և այլք։
Երթի ամբողջ ընթացքում մասնակիցներին ողջունում էին պատահական անցորդները, ինչպես նաև բնակիչներ պատշգամբներից՝ տներում վառված կանթեղները դուրս բերելով:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին