Ապրիլի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:
Հընթացս Ս. Պատարագի Տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված Նավասարդ Սրբազանին: Ուղերձում մասնավորաբար ասվում էր.
«Սիրելի՛ Սրբազան, Սուրբ Հարության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ, տիրախնամ թեմիդ թեմական և եկեղեցական վարչությանց անդամներին, ուխտապահ եկեղեցականաց դասին և հավատավոր բարեպաշտ մեր զավակներին:
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակային ավետիսով այսօր ողջունում ենք միմյանց և հոգևոր երգակցությամբ փառաբանում Փրկիչ մեր Տիրոջը, Ով կենդանարար Իր Հարությամբ հավիտենական կյանք պարգևեց մարդկությանը: Արդարև, Քրիստոսի Հարության խորհուրդն է առանցքը Սուրբ Եկեղեցու առաքելության և առհավատչյան առաքելական քարոզության. «Եթէ Քրիստոս չիցէ յարուցեալ, ընդունայն է քարոզութիւն մեր, ընդունայն են եւ հաւատք ձեր» (Ա Կորնթ. ԺԵ 14):
Մեր Սուրբ Եկեղեցին առաքելավանդ նույն հավատքով շարունակում է հոգեփրկչական իր առաքելությունը և իր հավատավոր ժողովրդին առաջնորդում հաղթահարելու մարտահրավերներն ու փորձությունները և հաղթական վճռականությամբ պաշտպանելու աստվածաշնորհ Հայրենիքը:
Հայրապետական մեր հորդորն է, որ Սուրբ Հարության հավատքին ապավինած համախմբվենք մեր սրբազան արժեքների, մեր Սուրբ Եկեղեցու շուրջ և մեկտեղենք մեր ջանքերը՝ հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության զորացման, պատերազմից տուժած արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման և համազգային մեր նպատակների ու տեսլականի իրագործման:
Զատկական լուսապայծառ այս առավոտ աղոթում ենք աշխարհի խաղաղության համար և մաղթում, որ Տիրոջ ողորմությամբ դադարեն պատերազմները, աշխարհը փոթորկող տագնապներն ու մարտահրավերները, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հակամարտությունները՝ ի շահ ժողովուրդների խաղաղ ու ստեղծագործ համակեցության և համընդհանուր բարիքի:
Աղոթքով հայցում ենք, որ Հարուցյալ Տերը զորացնի Ձեզ, թեմիդ ուխտապահ եկեղեցականաց դասին, թեմական ու համայնքային վարչությանց անդամներին և հավատավոր մեր զավակներին՝ պարգևելով ամենքիդ քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք՝ ի պայծառություն տիրախնամ Ձեր թեմի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու: ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ: ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ»:
Հավարտ Ս. Պատարագի Նավասարդ Սրբազանը հավատավոր ժողովրդին շնորհավորեց Սուրբ Հարության տոնի Ավետիսով՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» եւ իր հայրական օրհնությունը տվեց Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամներին, ովքեր թեմի երիտասարդաց միությունների հոգեւոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ արդեն 8-րդ անգամ իրականացնում են «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Սրբազան հոր օրհնությունը ստանալով երիտասարդները վառվող կանթեղներով ու շարականների երգեցողությամբ Մաշտոց պողոտայով ուղեւորվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ քարե գորգի վրա կանթեղնեով խաչ պիտի կազմեին: Նրանց միացել էին նաեւ Հայոց բանակի զինվորներ՝ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության գնդերեց Դավիթ սարկավագ Ստեփանյանի ուղեկցությամբ:
Ս. Պատարագից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվեց Տնօրհնեքի կարգ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին