«Եթե Ես` Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհ. 13։14-15)
Ապրիլի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ավագ հինգշաբթին, որը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Վերջին Ընթրիքի և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակի օրն է: Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերը, որ անվանում ենք Ավագ շաբաթ, լի են մի շարք իրադարձություններով։ Այս օրը՝ Ավագ հինգշաբթին եկեղեցական ծիսակարգում ամենահագեցածն է ողջ տարվա ընթացքում: Արարողությունները սկսվում են առավոտյան և տևում մինչ ուշ գիշեր:
Առավոտյան ժամերգությունից հետո Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կատարվեց Ժամերգություն և Ապաշխարողաց կարգ, ապա մատուցվեց Վերջին Ընթրիքը խորհրդանշող Սուրբ Պատարագ: Վերջին Ընթրիքի ժամանակ էր, որ Քրիստոս հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը. գինին` իբրև Իր Արյուն, հացն` իբրև Իր Մարմին:
Ավագ հինգշաբթիի հաջորդ արարողությունը Ոտնլվայի կարգն ու Յուղօրհնեքն էր։ Ոտնլվայի կարգը՝ ի հիշատակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից 12 աշակերների ոտքերի լվացման, և Յուղօրհնեքը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվեցին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի ձեռամբ:
Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ Իր աշակերտների առջև ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը` սրբելով մեջքին կապված սրբիչով, հեզության ու խոնարհության օրինակ ծառայելով: «Եթե Ես` Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհ. 13։14-15):
Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը նախ օրհնեց ջուրն ու յուղը, ապա ծնրադիր լվաց և օծեց առաքյալներին խորհրդանշող 12 զինվորականների ոտքերը, ովքեր եկեղեցի էին եկել գնդերեց Դավիթ սարկավագի ուղեկցությամբ:
Ավագ Հինգշաբթի Յուղի օրհնության կարգը կատարվում է ի հիշատակ ավետարանական այն դրվագի, համաձայն որի, երբ Քրիստոս հյուրընկալվել էր փարիսեցի Սիմոնին, անառակ մի կին եկավ ու իր արցունքներով լվաց ու անուշահոտ յուղով օծեց Քրիստոսի ոտքերը: «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտա քո տունը, ոտքերիս համար ջուր չտվիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց իմ ոտքերը և իր մազերով սրբեց: Դու ինձ մի համբույր էլ չտվիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց: Դու յուղով իմ գլուխը չօծեցիր, սա անուշ յուղով ոտքերս օծեց: Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կներվեն սրան, որովհետեւ ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներվում, շատ է սիրում, և ում սակավ՝ սակավ»: (Ղուկաս 7: 36-50):
Ոտնլվայի կարգին ու Յուղօրհնեքին հաջորդելու է Խավարման կարգը` ի հիշատակ Քրիստոսի չարչարանքների:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին