ԱՀԹ-ում նշվեց Ծաղկազարդը
Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին Տիրոջ մուտքը Երուսաղեմ տոնեց ապրիլի 10-ին: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվեց բաց խորանով Սուրբ և Անմահ Պատարագ, և ցանկացողներն, առանց պահքը խախտելու, հաղորդություն ստացան:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր: Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվեց Մանուկների օրհնության կարգ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ:
ԱՀԹ մի շարք եկեղեցիների բակերում Սուրբ Պատարագից և Մանուկների օրհնության կարգից հետո տեղի ունեցավ կավճանկարչություն։
Տոնի առթիվ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միության ջանքերով եկեղեցու բակը տոնական տեսք էր ստացել՝ պատրաստ լինելով տոնի մասնակիցներին՝ առավելապես երեխաներին, ժպիտ և ուրախություն պարգևելու: Ելույթ ունեցան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի փոքրիկ անդամները՝ «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները։
Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցում Սուրբ Պատարագից և մանուկների օրհնության կարգից հետո 1000 խաչեր բաժանվեցին մանուկներին՝ տոնի առթիվ։ Այնուհետև մեկնարկեց միջոցառումը՝ կազմակերպված եկեղեցու Տիկնանց միության կողմից։ Տարեց կանայք ու տատիկները ներկայացրին Ծաղկազարդի խորհուրդը՝ համեմելով այն ազգային երգերով, խաղերով ու պարերով։ Այնուհետև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի կողմից հյուրասիրություն կազմակերպվեց՝ ժենգյալով հաց թխվեց և բաժանվեց ներկաներին։ Եկեղեցու բակում կազմակերպված կավճանկարճությանը մասնակցեցին մեծ թվով մանուկներ, իսկ ավարտին միջոցառումն իսկական տոնախմբության վերածվեց՝ բոլոր հավատացյալներին միասնական պարի հրավիրելով։
Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում ևս մեծ միջոցառում էր կազմակերպվել՝ Սուրբ Պատարագից ու Մանուկների օրհնության կարգից հետո։ Մասնակցում էին երգի-պարի համույթներ։ Եկեղեցու բակում տիրում էր ջերմ ու ազգային տրամադրություն։
Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցին Ծաղկազարդին լեփ֊լեցուն էր հավատացյալներով ու խանդավառված մանուկներով, ովքեր ստացան օրհնության իրենց բաժինը՝ տոնի խորհրդին համահունչ։ Եկեղեցուն կից գործող Կիրակնօրյա դպրոցի սաներին անակնկալ էր սպասվում։Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյան անակնկալ նվերներով ամբողջացրեց նրանց օրհնությունը։ Կիրակնօրյայի սաները դասի ավարտից հետո իրենց մասնակցությունը բերեցին տոնական Սուրբ Պատարագին, ստացան օրհնություն և նվերներով, մեծ ուրախությամբ մասնակցեցին եկեղեցու բակում կազմակերպված տոնական միջոցառմանը։
Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում Ս․ Պատարագից հետո Կիրակնօրյա դպրոցի սաների կողմից կազմակերպվեց տոնական միջոցառում։ Կազմակերպվել էին միասնական պարեր՝ ազգային երգերի ուղեկցությամբ։ Ապա տեղի ունեցավ կավճանկարչության մրցույթ։
Սուրբ Երրորդություն եկեղեցում գործող Decart մանկապատանեկան մշակության կենտրոնի ցուցահանդեսը տեղի ունեցավ Նկարիչների միությունում։ Տաղանդաշատ մանուկներն այս օրվան երկար էին սպասել, ամեն մանրուք լրջորեն պատրաստել և ձևափոխել էին։ Եկեղեցու համայնքը իր մասնակցությունն ունեցավ ցուցահանդեսին, դիտեց և գնահատեց երեխաների աշխատանքը։ Վերջում փոքրիկները ստացան պատվոգրեր` ցուցահանդեսին մասնակցելու առթիվ։