Նավասարդ Սրբազանն օրհնեց մանուկներին

Նավասարդ Սրբազանն օրհնեց մանուկներին

Ապրիլի 10-ին Ծաղկազարդի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական Ս․ Պատարագ։ Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցում Ս․ Պատարագը մատուցվեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ։ Պատարագիչը առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ․ Պետրոս ավագ քահանա Մալյանն էր։ 
 
Հավարտ Ս․ Պատարագի Նավասարդ Սրբազանը կատարեց մանուկների օրհնության կարգ։
 
Շնորհավորելով ամենքին Ծաղկազարդի տոնի առթիվ՝ Նավասարդ Սրբազանն անդրադարձավ տոնի խորհրդին՝ ընդգծելով, որ այսօրվա տոնական ոգեւորությունը պետք է իմաստավորել Քրիստոսին հավատարիմ մնալով և ամուր հավատքով։ Ապա մաղթեց, որ Աստված  մանուկներին պարգեւի ամրակուռ հավատք և ամբողջացած հաղորդակցություն ազգային արժեքների հետ։ Դիմելով ծնողներին՝ հորդորեց մանուկներին դաստիարակել այնպես, որ մեծանան հայկական ինքնությամբ․ «Հայի կերպարի ամբողջությունն ինքնության գիտակցման ու պահպանման մեջ է։ Կարեւոր է, որ մեր հայ մանուկները՝ ուստրերն ու դուստրերը, հայի ինքնության հետ նույնականանան։ Նրանց մեջ պիտի զորացնենք ոգեկանության ու ոգեղենության սպառազինությունը։ Որո՞նք են դրանք։ Դրանք ազգային ու եկեղեցական արժեքներն են։ Ուզու՞մ եք, որ ժպիտը մանուկների դեմքին չցամաքի, ուրեմն` կատարեք այս պատգամը՝ դաստիարակե՛ք ու կրթե՛ք մանուկներին ազգային ու հոգեւոր գիտելիքով, նրանց ներսում ամրացրե՛ք հայկական ինքնությունը։ Այն ժամանակ Հայկյան ցեղն, արդարացիորեն, կարող է հուսալ եւ հավատալ իր տեսիլքի իրականացմանը՝ տեսնել հայի ոգին անպարտ եւ նպատակին ծառայելու սիրով ու զոհողությամբ»։
 
Ապա Նավասարդ Սրբազանը Պահպանիչ աղոթքով արձակեց մանուկներին ու հավատավոր ժողովրդին։
 
Ծաղկազարդի տոնի առթիվ հազարավոր հավատացյալներ իրենց հետ տուն են տանում ուռենու օրհնված ճյուղեր՝ ի հիշատակ ավետարանական այն դրվագի, երբ Երուսաղեմի մուտքի մոտ Քրիստոսին դիմավորում էին արմավենու ծաղկած ճյուղերով։
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
  • 2022-04-10
×