Այսօր՝ ապրիլի 9-ին, Արարատյան Հայրապետական թեմում, թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Տեր Զգոն քհն․ Աբրահամյանի նախաձեռնությամբ Էրեբունի համայնքում վերաբացվեց կիրակնօրյա դպրոց:
ԱՀԹ Էրեբունի համայնքի «Ոսկե հատիկ» վերաբացված Կիրակնօրյա դպրոցն ընդլայնել է իր գործունեության շրջանակը՝ հնարավորություն տալով երեխաներին մասնակցելու անգլերենի, ռուսերենի, դասապատրաստման, նկարչության, ուլունքագործության, տիկնիկագործության, կար ու ձևի, երգեցողության խմբակների: Կգործեն նաև առցանց խմբակներ:
Համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դպրոցի հիմնական առաքելությունը քրիստոնեական դաստիարակությունն է։ Երկար էինք սպասել այս օրվան, շատ էի ցանկանում, որ մեր համայնքի երեխաները ևս քրիստոնեական կրթություն ստանալու հնարավորություն ունենան, գիտակցեն ու կարևորեն եկեղեցու դերը իրենց կյանքում: Ու սպասվածի նման, շատ երեխաներ, լսելով դպրոցի բացման մասին,
եկան ու գրանցվեցին: Ես վստահ եմ, որ այս դասընթացին մասնակցող երեխաները, ավելի կմոտենան Եկեղեցուն,
կծանոթանան եկեղեցական կյանքին ու հաղորդակից կլինեն այդ ամենին»:
Տեր հայրը դպրոցի բացման արարողությունից հետո, կատարեց մանուկների օրհնության կարգ։ Ապա սկսվեց տոնական միջոցառումը: Երեխաները հանդես եկան ազգային երգերի կատարումով, միասնական շուրջպարով՝ ազգային երգերի ուղեկցությամբ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին