«Արևային զանգակներ»-ը հանդես եկան համերգային ծրագրով
«Արևային զանգակներ»-ն այսօր՝ մարտի 26-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես եկան «Արևային զանգակներ և ընկերներ» համերգային ծրագրով։
Այս համերգը նվիրված էր Դաունի համախտանիշի համաշխարհային օրվան և ուներ բարեգործական նպատակ։ Խմբում հանդես են գալիս միայն «Արև-երեխաներ» ՀԿ-ի անդամ հանդիսացող և Դաունի համախտանիշ ունեցող երեխաները։ Այսօր «Արև-երեխաներ» ՀԿ-ն արդեն իսկ 150-ից ավելի շահառու ունի։
Խմբի գեղարվեստական ղեկավարը Մանուշ Հարությունյանն է, ով տաղանդավոր «արևներ»-ի հետ ամիսներ շարունակ աշխատել էր այս անչափ հուզիչ համերգային ծրագիրը կյանքի կոչելու համար։
Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև-երեխաներ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ներկաներին փոխանցեց թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը։
Համերգը մեկնարկեց Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի խոսքով։ Տեր հայրը հիշեց տարիներ առաջ «Արև-երեխաներ»-ի համար իր հաստատած կարգախոսը՝ «Նրանք կարող են»։ Տեր հայրն ասաց, որ այսօր Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ծնողների հետ համախմբվելով, միասին մի բռունցք դառնալով ապացուցում են այս փաստը։ «Այս երկու տարվա աշխատանքի ընթացքում ցույց տվեցինք, որ մեր արևները՝ մեր երեխաները կարող են։ Եվ այսօր, այս համերգը ևս մեկ ապացույց կլինի, որ Դաունի համախտանիշով երեխաները կարող են ավելին, քան մենք կարծում ենք»,- ասաց Տեր հայրը։
Բարեգործական համերգը սկսվեց «Արևային զանգակներ»-ի կատարումով։ Հաջորդ կատարումների ընթացքում նրանց միացան Վահագն Հայրապետյանը` դաշնամուր, Վարսենիկ Ավանյանը՝ վոկալ, Արտյոմ Մանուկյանը՝ թավջութակ, «Երևան» լարային քառյակը։ Համերգի ընթացքում հնչեցին Մեսրոպ Մաշտոցի, Ներսես Շնորհալու շարականներից, Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ երգերից, ինչպես նաև Մակար Եկմալյանի Պատարագից հատվածներ։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև «Իմ հերոսը» ֆիլմը, որը պատմում է, թե ինչպես է Տեր Գրիգորը հանգել «Արև-երեխաներ» ՀԿ-ի հիմնադրման որոշմանը և ինչպես են այժմ աշխատում երեխաների հետ։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին