Հայոց ազգի օրերը. Բուն Բարեկենդանի տոնախմբություն

Հայոց ազգի օրերը. Բուն Բարեկենդանի տոնախմբություն

Փետրվարի 27-ին` Ս. Պատարագի ավարտին, Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Ս. Աստվածածին եւ Ս. Աննա եկեղեցիների բակում Բուն Բարեկենդանի տոնախմբություն էր։ 
 
Միջոցառման սկզբում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունը ներկաներին փոխանցեց  Կաթողիկե Ս. Աստվածածին եւ Ս. Աննա եկեղեցիների հոգեւոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը։ Նա մասնակիցներին շնորհավորեց Բարեկենդանի տոնի առթիվ ու մաղթեց, որ խաղաղությամբ մտնենք ու անցնենք մեծ պահոց շրջանը եւ բարով հասնենք Ս. Հարության տոնին։ 
 
Տոնախմբությունը եկեղեցու բակում կազմակերպվել էր «Գութան» ազգային երգի -պարի փառատոնի, «Հայ Ասպետ» դպրոցի, «Ազգային ինքնություն և ընտրանի» նախաձեռնության կողմից։ Տոնին ավանդական երգն ու պարը, ազգագրական սովորություններն ու խաղերը կազմակերպում էր «Վարք հայոց» երգի-պարի ազգագրական խումբը (գեղ. ղեկավար՝ Սարգիս Փարամուզյան)։
 
Տոնախմբությանը ներկա էին «Հայ Ասպետ» դպրոցի հիմնադիր տնօրեն Կարին Տոնոյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը` Մրոն, երեխաների ծնողները, համայնքի անդամներ։ 
 
Ազգային երաժշտության ձայները շատերի ուշադրությունն էր հրավիրում, որոնցից շատերը միանում էին տոնախմբությանը։ Դպրոցի տարբեր դասարանի սաները տոնական համարներ էին պատրատել` երգ, ասմունք ու բեմադրություններ։ Ամեն դասարան նաեւ ավանդական հայկական ուտեստներ էր բերել, որ հյուրասիրեր տոնի մասնակիցներին։ 
 
Երեխաները կերպարային հագուստներով ու ուրախ դիմակներով էին։ Նրանք բավական լավ էին պատկերացնում, թե ուր են եկել, ինչ են նշում։ Ծանոթ էին տոնի հոգեւոր խորհրդին, գիտեին շատ ավանդություններ։ 
 
Բուն Բարեկենդանը Մեծ Պահքի առաջին կիրակին է, սակայն այդ օրն ավանդաբար նշվել է ուրախ խաղերով, համեղ հյուրասիրությամբ ու երգ-պարով։ Ըստ ազգագրական նյութերի` հնում տոնը նշել են երկու շաբաթ` Սուրբ Սարգսի տոնից հետո։ Ու այնքան մեծ մասշտաբներով են նշել, որ օտարներն այդ ընթացքն անվանել են հայոց ազգի օրեր։ 

 

  • 2022-03-02
×