Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի Նորք-Մարաշի Ս․ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար, բանաստեղծ և երգահան Տ․ Թովմա քահանա Անդրեասյանին փետրվարի 21-ին հյուրընկալել էր Նորքի թիվ 61 դպրոցը:
6-րդ և 8-րդ դասարանի աշակերտներին Տեր Թովման ներկայացրեց իր գրքերը, պատմեց դրանց մասին: Նա խոսեց հոգևոր, բարոյական, մշակութային ասպարեզներում ներկա ժամանակներում գործող հզոր մարտահրավերների, նոր իրականության պարտադրանքների պատճառով մշակույթի՝ ստորին հարթակ մղվելու մասին:
Տեր Թովման նշեց, որ արդյունքում Եկեղեցու համաշխարհային հեղինակության անկում է նկատվում, բարոյականության ու հոգևոր օրենքների վերանայում, մշակույթի դերի ստորադասում (դրա մեջ նաև՝ գրի ու գրականության)։ Մարդիկ ավելի շատ տեղեկատվություն ներկայացնող գրականության հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում, քան գեղարվեստական գրականության:
Ընդհանրացնելով համաշխարհային գործընթացները՝ նա նշեց, որ մեզ մոտ էլ` Հայաստանում, նոր սերնդի մեջ Աստվածաշնչի պատվիրանների և ավանդույթների վերաիմաստավորում է տեղի ունենում, վերափոխում, հաճախ նաև` չեղարկում, որոնք սպառնալիք են ազգի հետագա գոյատևման համար:
Տեր Թովման հորդորեց աշակերտներին հասարակության լիիրավ անդամներ դառնալով չմոռանալ այն, ինչ դպրոցում սովորեցրել են ուսուցիչները՝ պաշտպանել ավանդույթներն ու մշակույթը, հայրենիքը, Հայ եկեղեցին, լինել հայրենասեր, ընթերցասեր, ողջ ազատ ժամանակը համացանցի որոգայթներում չվատնել, սահմանների մեջ դնել համացանցի գայթակղությունները:
«Մեզ դեռևս լուրջ մարտահրավերներ են սպասում, և գոյատևելու, չարին ընդդիմանալու միակ պայմանը ազգայինը և հոգևորը պաշտպանելն է»,- ասաց նա: