Այսօր՝ փետրվարի 12-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Սուրբ Սարգիս» խորագրով ցուցահանդես-մրցույթը: Այն արդեն թվով ութերորդն է և, կազմակերիչների խոսքով, ամեն տարի մեծ ոգևորություն է առաջացնում երիտասարդների շրջանում։
Արարողությանը ներկա էր Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը։ Նա ներկաներին ու երիտասարդներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ողջույնները։
Մրցույթի կազմակերպիչներն են Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միությունը և Հայաստանի նկարիչների միությունը: Ցուցահանդեսում սահմանված է չորս անվանակարգ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ: Լավագույն աշխատանքների հեղինակները կարժանանան դրամական պարգևների, կլինեն նաև խրախուսական մրցանակներ։
Բացման խոսքում Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը պատմեց ցուցահանդես-մրցույթի ստեղծման պատմությունը՝ ասելով, որ երիտասարդ նկարիչների շրջանում այս մրցույթը սպասված ու սիրված է: Մրցույթին մասնակցել կարող են մինչև 35 տարեկան նկարիչները։
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ևս հանդես եկավ ելույթով, որում շնորհակալություն հայտնեց Նավասարդ Սրբազանին և Աշխարհի հայ նկարիչների միությանը՝ համագործակցության ու մրցույթի կազմակերպման համար։ Առիթն օգտագործելով՝ նա նաև ջերմորեն շնորհավորեց Սուրբ Սարգսի տոնի առթիվ:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն ավելի ուշ, այժմ Հայաստանի նկարիչների տանը ցուցադրված են մրցույթի բոլոր մասնակիցների աշխատանքները։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին