Զինվորների օրհնություն՝ Ս․ Սարգսի տոնի առթիվ

Զինվորների օրհնություն՝ Ս․ Սարգսի տոնի առթիվ

Փետրվարի 12-ին Ա­րա­րատ­յան Հայ­րա­պե­տա­կան թեմի Առաջնորդանիստ Սարգիս եկեղեցում Ս․ Պատարագ մատուցվեց Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը ՀՀ Զինված ուժերի գնդերեց արժանապատիվ Տ. Վարազդատ քահանա Նաջարյանն էր:
 
Հընթացս Ս․ Պատարագի՝ տեր հայրը պատմեց սրբի վարքը, խոսեց նրա քրիստոնեական կերպարի մասին, որը պետք է այսօր էլ մեզ համար օրինակ լինի՝ դեպի Քրիստոս տանող ճանապարհը տոկունությամբ ու հավատքով անցնելու համար:
 
«Ս․ Սարգսի բարեխոսությամբ շատ ու շատ հիվանդներ են բժշկվել, նրա օրինակով շատ ու շատ հավատացյալներ շարունակում են աննկուն մնալ իրենց հոգեւոր պայքարի մեջ: Երբ Ս․ Սարգիս զորավարին նահատակության էին տանում, նա աղոթքով խնդրեց ու դիմեց Աստծուն ասելով. «Տեր, եթե մեկն իմ միջոցով դարձի կգա եւ կդառնա Քեզ, խնդրում եմ՝ լսիր իր աղոթքները եւ կատարիր նրա խնդրանքները»: Տերը խոստացավ իր քաջ զավակի, իր քաջ զինվորի խնդրանքը կատարել: 
 
Թող Ս․ Սարգիսը բարեխոս լինի բոլոր այն ծնողների համար, ովքեր անհայտության մեջ գտնվող զինվորներ ունեն եւ սպասում են իրենց որդիների տունդարձին: Թող Ս․ Սարգիսը բարեխոս լինի բոլոր այն վիրավոր զինվորների համար, որոնք Աստծո շնորհով բուժման ընթացքի մեջ են: Թող Ս․ Սարգիսը բարեխոս լինի բոլոր այն զինվորների ու սպաների համար, ովքեր այս ձմռան ցրտում՝ կլիմայական տարբեր պայմաններում, իրենց մարտական ծառայությունն են իրականացնում մեր սահմաններին ու առաջնագծում»։ 
 
Ս․ Պատարագին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի էին բերվել սրբի մասունքակիր աջը, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից՝ 17-րդ դարում Ս․ Սարգիս եկեղեցում ընդօրինակված ձեռագիր Ավետարանը, որոնք Ս․ Պատարագի ընթացքում դրված էին Ս․ Սեղանին: 
 
Ս․ Պատարագի  ավարտին Սիոն Սրբազանը սրբի մասունքով օրհնեց երիտասարդներին ու զինվորներին: Շնորհավորելով զինվորներին ու ներկաներին՝ Սրբազան հայրը փոխանցեց Վեհափառ Հայրապետի հայրական օրհնություններն ու Արարատյան Հայրապետական թեմի բարեխնամ առաջնորդի ողջույնները: Եվ աղոթքով հայցեց Ս․ Սարգսի բարեխոսությունը մեր բոլոր զինվորների համար: 
 
Տոնի առթիվ Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի հետ Ս․ Սարգիս եկեղեցի ուխտի էին եկել 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները: Տեր հայրը սրբի մասունքով օրհնեց նրանց, ու հավատացյալ ժողովդրի հետ ընդհանրական աղոթք բարձրացրին առ Աստված՝ զինվորների շուտափույթ վերադարձի համար: 
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

 

  • 2022-02-12
×