Արդեն վեցերորդ անգամ Սուրբ Սարգսի տոնը սիրո անսպասելի խոստովանություններով ու գիրք-նվերներով տոն է դառնում գրքասերների համար:
Սիրահարների տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի ու «Բուկինիստ» գրախանութների ցանցի համագործակցությամբ «Իմ գաղտնի Գրքասեր. սիրո խոստովանություն գրքով» ծրագիրը սիրելի ու սպասված է դարձել շատերի համար: Շաբաթներ առաջ մարդիկ սկսում են հետաքրքրվել, թե երբ է մեկնարկելու ծրագիրը:
Ամեն տարի նվեր-գրքերը գրախանութը հանձնում է Սուրբ Սարգսի տոնի նախօրեին: Այս տարի «Բուկինիստ» գլխավոր գրախանութը շատ ակտիվ էր փետրվարի 11-ին: Հարյուրավոր մարդիկ գալիս էին իրենց նվերները ստանալու:
Արարողության մեկնարկին ներկաներին ողջունեց ու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունները փոխանցեց Նորք- Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Թովմա քահանա Անդրեասյանը: Տեր հայրը ներկայացրեց տոնի խորհուրդը: Կարեւորելով գրքի նկատմամբ սերը ՝ Տեր Թովման նկատեց.
«Գիրքը մեր ժողովրդի սրբություններից է մեկն է: Դարեր շարունակ հայ մարդը գրքին սեփական երեխայի նման է վերաբերվել, երբեմն՝ անգամ առավել: Ու այսօր էլ գիրքը, գիտելիքը պետք է կարևոր լինեն, քանի որ մեր մեր ճանապարհը կրթված, գիտելիք ունեցող մարդկանցով պետք է հարուստ լինի»:
Տոնին սպասում են հատկապես երիտասարդ սիրահարները, որպեսզի իրենց սերը խոստովանեն սիրած էակին, սակայն քիչ չեն նաեւ մայրիկներն ու հայրիկները, ովքեր իրենց նվերով ջերմություն ու հոգատարություն են փոխանցում իրեցն զավակին:
«Տոնն արդեն վեց տարեկան է: Այս տարի էլ նախորդի նման տոնական չեն նշում, քանի որ հետպատերազմակամ այս օրերին դեռ տոնական տրամադրություն չունենք, բայց հզոր երկիր կառուցելու համար մեզ լույս է պետք: Ու այս ծրագրով մենք փորձում ենք գիրքն ու գիտելիքը կարևորել, գրքով սեր տարածել, որ ուժ ունենանք ոտքի կանգնելու համար»,- պատմեց «Բուկինիստ» գրախանութների ցանցի կոմերցիոն տնօրեն Հեղինե Մեդոյանը:
Ծրագրի ընթացքում նաեւ հետաքրքիր դեպքեր են պատահում: Ամեն տարի գրախանութի աշխատակիցները նաեւ սիրահարների կամ գրքասերների կյանքին վերաբերող հետաքրքիր մանրամասների ականատեսն են դառնում:
«Նախորդ տարի մի երիտասարդ ընկերուհու համար գիրք էր գնել, սակայն տոնից առաջ նրանք վիճել ու բաժանվել էին: Աղջիկն էլ չէր եկել նվերը ստնալու: Գիրքը մնացել էր մեզ մոտ: Հաջորդ տարի երիտասարդը զանգել էր գրախանութ ու կասկածանքով հարցրեց, թե հնարավոր է գիրքը պահված լինի: Ու քանի որ «Բուկինիստ»-ում ոչինչ չի կորչում, գիրքը մեր դարակում սպասում էր իր տիրոջը: Պարզվեց, որ նրանք հաշտվել էին, ու Սուրբ Սարգսի տոնի օրը աղջիկը եկավ՝ իր սիրո խոստովանությունը ստանալու: Շատ են լինում նաև անսպասելի ու իսկապես անհայտ խոստովանություններ, որոնք նոր ծնվող հարաբերությունների սկիզբ են դառնում: Ուրախ ենք, որ այս ծրագիրը նաև սրտեր միավորող է»,- ժպիտով պատմում է Հեղինե Մեդոյանը:
Ծրագրի նկատմամբ մեծ ոգեւորությունը տեսնելով՝ «Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասում է, որ այն պետք է պահել ու իրականացնել ամեն տարի: Նրա խոսքով սա ևս մեկ առիթ է, որով մենք մեր վերաբերմունքն ենք ցույց տալիս գրքի նկատմամբ, խրախուսում ենք ընթերցասիրությունը:
Նախորդ տարիներին ծրագրի շրջանակում հիմնական ուշադրության կենտրոնում էին հայտնվում գիրքը նվեր ստացողները: Խաչիկ Վարդանյանի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ անակնկալ է սպասվում նաև գիրք նվիրողներին: Սուրբ Սարգսի տոնի օրը՝ փետրվարի 12-ին նրանք կմասնակցեն առցանց խաղարկությանն, ու պատահականության սկզբունքով 30 գրքասեր կստանա նվեր:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին