Ս. Սարգսի տոնակատարություններն Արարատյան Հայրապետական թեմում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ս. Սարգսի տոնակատարություններն Արարատյան Հայրապետական թեմում

Ս. Սարգսի տոնակատարություններն Արարատյան Հայրապետական թեմում

Փետրվարի 12-ին Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնն է: 
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Արդեն 16 տարի Արարատյան Հայրապետական թեմի  առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ Ս. Սարգսի տոնի առթիվ հոգևոր արարողություններին զուգահեռ իրականացվում են երիտասարդներին ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ սիրո տոնը լցնելով հայկական երանգներով ու տրամադրությամբ: Առանձնահատուկ կարևորվում են Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը:
 
Նավասարդ Սրբազանի տնօրինությամբ այդ օրը թեմի երկու՝ Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 22.00-ը: 
 
Այս տարի տոնական միջոցառումների շարքում ընդգրկված են հետևյալ ծրագրերը.
 
Փետրվարի 11
 
  • «Իմ գաղտնի Գրքասեր. Սիրո խոստովանություն գրքով» 
 
15.00-ին «Բուկինիստի» Մաշտոց մասնաճյուղում (Մաշտոց 10) կմեկնարկի «Իմ գաղտնի Գրքասեր» ծրագրի մասնակիցների գրքերի հանձնումը:

«Բուկինիստ» գրախանութների ցանցը և Արարատյան Հայրապետական թեմը սիրահարների տոնի առթիվ արդեն 6-րդ անգամ ներկայացնում են «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. սիրո խոստովանություն գրքով» միջոցառում-ակցիան: Չբացահայտելով նվիրողի անձը՝ միջոցառմանը հրավիրվելու են բոլոր նրանք, ովքեր նվերներ ունեն իրենց գաղտնի գրքասերներից: 
 
Ի դեպ՝ այս տարի առաջին անգամ անակնկալ է սպասվում նաև գիրք նվիրողներին: Նրանք կմասնակցեն առցանց խաղարկությանն, ու պատահականության սկզբունքով 30 գրքասեր կստանա նվեր: 
 
  • «Մեր մեծերի սերը». ուսանողական ինտելեկտուալ խաղ – քվեստ
 
18.00-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում կամփոփվի այս խաղը, որն անց է կացվում առաջին անգամ: 
 
Սուրբ Սարգսի տոնի առթիվ առաջին անգամ կազմակերպվել է երիտասարդական ինտելեկտուալ խաղ-քվեստ՝«Մեր մեծերի սերը» խորագրով: Խաղը նախաձեռնել են Հովհ. Թումանյանի թանգարանը, ԵՊՀ Ուսխորհուրդը՝ Արարատյան Հայրապետական թեմի աջակցությամբ: 
 
Խաղին ուսանողները մասնակցում են 3-5 հոգանցող թիմերով: Նրանք տոնի նախընթաց շաբաթվա ամեն օր փորձում են գտնել հանելուկ- գլուխկոտրուկները, որոնց պատասխանները թաքնված են Երևանի թանգարաններում ու քաղցրեղենի գործարաններում: Այդ պատասխաները հուշումներ են, որոնք օգնելու են բացահայտել թաքնված հիմնական հարցը: 
 
Հաղթում է այն թիմը, որն առավել արագ կգտնի հիմնական հարցի պատասխանը: 
 
Խաղը կամփոփվի Հովհաննես Թումանյանի թանգարանում՝ սիրառատ ու գեղարվեստական ծրագրով՝ երաժշտություն, պոեզիայի ընթերցում և այլն: 
 
Փետրվարի 12-ին 
 
  • Երիտասարդների օրհնության կարգ կկատարվի բոլոր եկեղեցիներում 
  •  
  • 9:30-ին Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի, Ս. Պատարագի ողջ ընթացքում կլինի Ս. Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը: 
  •  
  • 10:00-ին Ս. Սարգսի աջը կբերվի եկեղեցի: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Ս. Սարգսի աջը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Հավարտ Ս. Պատարագի սուրբ մասունքի օրհնությունը կբաշխվի հավատավոր ժողովրդին ու զինվորներին: Սուրբ Աջը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
  •  
  • 11.00-ին Տոնական Ս. Պատարագ՝ նվիրված Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին:  Տոնի առթիվ Ս. Պատարագ է մատուցվելու Ս. Սարգսի անունը կրող եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմում նրանք երկուսն են՝ Առաջնորդանիստ և Նոր Նորքի Ս. Սարգիս: 
  •  
  • Զինվորների օրհնության կարգ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում 
  •  
  • Պարգևատրում: Այս տարի 7-րդ անգամ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ կպարգևատրվեն արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից 20 զինվորներ: Ցուցակը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: 
  • 2022-02-11
×