Երեկ՝ հունվարի 21-ին, Երևանի Էրեբունի համայնքի Մանկապատանեկան ստեղծագործության տանը տեղի ունեցավ «Աստվածաշունչ» գիրք-գրոց թեմայով թիմային մրցույթը։ Մրցույթին հրավիրված էր նաև Արարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանն։ Տեր հայրը մրցույթի սկզբում երեխաներին փոխանցեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը և իր գնահատանքը բերեց կազմակերպիչներին և մասնակիցներին:
Այս շատ սպասված մրցույթին մասնակցում էին քրիստոնեական դաստիարակության դասընթացների աշակերտները: Մասնավորապես, իրենց գիտելիքներով կիսվելու էին եկել գորգագործության, դիզայնի, նկարչության խմբակների և «Մուշ» երգի ստուդիայի սաները։
Մրցույթի կազմակերպիչը ՔԴԿ ուսուցչուհի Քրիստինե Ղազարյանն էր։ Նա մեծ ոգևորությամբ էր հետևում իր սաների խաղին, քանի որ ամիսներ շարունակ աշխատել ու իր հարուստ գիտելիքներով կիսվել էր երեխաների հետ։ Այժմ, եկել էր պահը, որ երեխաները ցույց տային իրենց յուրացրած գիտելիքների պաշարը։
Մասնակիցներին գնահատելու համար ընտրվել էր հատուկ հանձնախումբ, որի անդամներն էին՝ Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանն, Արարատյան Հայրապետական թեմի ՔԴԿ տնօրեն Հասմիկ Նալբանդյանը, ՄՍԿ տնօրեն պարոն Խնկոյանը:
Ի վերջո, հաղթող ճանաչվեցին «Մուշ» երգի ստուդիայի սաները։ Հաղթող թիմին ոգևորելու համար, ուսուցիչները նախապես պատրաստել էին հատուկ նվերներ, և խաղի ավարտից հետո դրանք հանձնվեցին մասնակիցներին։ Նշենք, որ այսպիսի մրցույթները լինելու են շարունակական և նպատակ են ունենալու՝ էլ ավելի ոգևորել և քրիստոնեական գիտելիքներով հարստացնել նոր սերնդին։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին