Ս․ Պատարագի շարականների համերգային կատարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ս․ Պատարագի շարականների համերգային կատարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Ս․ Պատարագի շարականների համերգային կատարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Արարատյան Հայրապետական թեմը մշտապես այն հաստատությունների ու կառույցների կողքին է, ովքեր ցանկանում են ավելին իմանալ Քրիստոսի և քրիստոնեական հավատքի, ինչպես նաև ծեսերի մասին։ Նման հաստատությունների շարքում է նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։
 
Տարիներ շարունակ՝ մի քանի անգամ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը, լուսահոգի խմբավար մաեստրո Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ, հյուրընկալվել է առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում, հանդես եկել կատարումներով։
 
Հունվարի 19-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սրահում տեղի ունեցավ Սուրբ Պատարագի շարականների համերգային կատարում։  Միջոցառումը համակարգում էին կրթահամալիրում գործող Երաժշտության, Լիսիցյան կենտրոնները և Ծեսերի բաց լաբորատորիան։
 
Միջոցառումը կազմակերպվել էր ուսուցիչների ու աշակերտների համատեղ ջանքերով, և կատարումներով հանդես էին գալիս ոչ թե հյուրընկալված, այլ հենց կրթահամալիրում գործող խմբեր՝ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը (խմբավար՝ Մարինե Ոսկանյան), «Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբը (ղեկավար՝ Լուիզա Քեշիշյան), «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը, «Սեբաստացիներ» վոկալ համույթը (ղեկավար՝ Մարինե Մկրտչյան), «Ակներ» ազգային երգի-պարի համույթը (ղեկավար՝ Աննա Երիցյան), Քոլեջի «Սեբաստացի պատանիներ» երգչախումբը (ղեկավար՝ Մարինե Մկրտչյան):
 
Միջոցառումը սոսկ համերգային ձևաչափով չէր, այլ բոլորը մասնակից էին ու կատարող։ Քիչ չէին միասնական կատարումները, որոնց իրենց մասնակցությունն էին բերում սրահում բոլոր ներկաները։
 
Միջոցառմանը ներկա էր նաև ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար քահանա Տեր Արարատ քահանա Օրդոյանն, ով օրհնության խոսք ասաց մանուկներին ու նրանց ուսուցիչներին։
 
Հնչեց միասնական Տերունական աղոթքը։ Միջոցառման սկզբում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նունե Մովսիսյանը ներկայացրեց Սուրբ Պատարագի խորհուրդը։ Ապա սկսվեց համերգային հատվածը, որի ընթացքում հնչեցին «Խորհուրդ խորին», «Բարեխօսութեամբ», «Ամէն Հայր երկնաւոր», «Ամեն հայր Սուրբ», «Գոհանամք» և այլ շարականներ։ Կատարվեցին նաև միասնական ընթերցումներ՝ «Օրհնեցէք զՏէր յերկինս», «Առաջի Քո, Տէր», «Հավատով խոստովանիմ»։ Եվ ներկաները միասնաբար երգեցին մի շարք շարականներ՝ «Սուրբ Աստուած», «Հիշեա Տէր», «Քրիստոս ի մեջ», «Տէր, ողորմեա» և այլն։
 
Միջոցառումը եզրափակվեց «Հայրապետական մաղթանք»-ի միասնական կատարմամբ։
 
  • 2022-01-21
×