Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Սուրբ Ծննդյան տոնական Սուրբ Պատարագի ավարտին տեղի է ունեցել նաև Ջրօրհնեքի կարգ։
ԱՀԹ Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիներում Սուրբ Պատարագից անմիջապես հետո առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տեղի ունեցավ «Կարին» ավանդական երգ-պարի ազգային խմբի կազմակերպած միջոցառումը։
Վերջինս իրականացվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ավանդական արժեքների հանդեպ նախանձախնդիր երիտասարդների ջանքերով՝ իրենց շուրջ համախմբելով եկեղեցու համայնքին, երիտասարդներին, ինչպես նաև պատահական անցորդներին, ովքեր ակամայից մասնակիցն են դառնում ազգային տոնի։ Այս միջոցառման գլխավոր նպատակն ազգային պարերի ուսուցանումն ու ցուցադրումն է : Եկեղեցու բակում այդ օրը հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել, ովքեր մեծ խանդավառությամբ փորձում էին սովորել մեր ազգային պարերն ու երգերը։
Միջոցառման մասնակիցներից 15-ամյա Նարեն մեզ հետ զրույցում պատմեց․ «Ես շատ վաղուց եմ գնում ազգային պարերի, բայց ամեն անգամ, երբ տեղեկանում եմ, որ եկեղեցու բակում ազգային պարեր պետք է ուսուցանվեն, անմիջապես շտապում եմ այստեղ։ Իմ ծնողները ամեն բան արել են, որ ես կապված լինեմ Առաքելական եկեղեցու հետ, որպեսզի կարողանամ լուրջ արժեքների կրող դառնալ»։ Նարեի խոսքով, իր մեծագույն երազանքն է, որ մեկ օր այստեղ այնքան բազմամարդ լինի, որ շուրջպարը տարածվի՝ դուրս գալով եկեղեցու տարածքից։
Հայ Առաքելական Եկեղեցու և հայ ավանդական արժեքների հանդեպ նախանձախնդիր այս երիտասարդները մտադիր են այս տարվա մեջ նմանատիպ միջոցառումներ ավելի շատ կազմակերպել ու որքան հնարավոր է շատ մարդկանց ներգրավվել։