Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվեց Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվեց Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ

Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվեց Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում հունվարի 5-ին Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:
 
Հընթացս Ս. Պատարագի Տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Ուղերձում մասնավորաբար ասվում է.
 
«Սիրելի՛ Սրբազան,
 
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտության տոների առիթով Մայր Աթոռ ՍուրԲ էջմիածնից հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ, տիրախնամ թեմիդ հոգեւոր դասին, թեմական ու համայքնային վարչությանց պատվարժան անդամներին եւ հավատավոր մեր բոլոր զավակներին:
 
Հայրենական մեր կյանքում անցնող տարին ամփոփում ենք ծանր ու դժվարին պայմաններում:
 
Արցախյան պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի, սակայն պատերազմի ողբերգական հետևանքները չեն փարատվել հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդի սրտում: Կորուստների ցավն ու կսկիծն առավել են խորանում, երբ տակավին ունենք տունդարձի ճամփին սպասող բազմաթիվ գերեվարված հայորդիներ ու անհետ կորածներ, երբ թշնամին շարունակւոմ է ոտնձգություններ կաարել հայրենի մեր երկրի սահմանների և ինքնիշխանության նկատմամբ:
 
Մարտահրավերներով ու փորձություններով լեցուն մեր իրականության մեջ լույսի ու հույսի անսպառ աղբյուր է «Ծնաւ ձզ այսօր Փրկիչ» (Ղուկաս Բ 11) հրեշտակաձայն Ավետիսը, որը հոգեւոր մխիթարության հետ նորոգ լավատեսությամբ է համակումբարեպաշտ մեր զավակների հոգիները՝ չերկմտելու, չվարանելու, այլ լուսավոր գալիքի հավատով գոտեպմդվելու՝ ըստ Տերունի պատգամի. «Մի՛ երկնչիր, միա՛յն հաւատա» (Ղուկաս Ը 50):
 
Հայրենեաց պաշտպան մեր հերոս քաջորդիների սուրբ հշատակը պիտի դարձնենք ներշնչանք ու քաջալերանք՝ վերականգնելու մեր ուժերը եւ համազգայկին միասնականությամբ նպաստելու Հայաստան եւ Արցախ մեր Հայրենիքի զորացմանն ու առաջընթացի՝ հանուն աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօր կյանքի եւ ազգային մեր իղձերի իրականացման:
 
Փրկչական 2022 թվականի նախասեմին ծնրադիր աղոթքով հայցում ենք Մարդացյալ Աստվածորդու կենսատու շնորհները, Ով Իր Սուրբ Ծննդյան խորհրդով աշխարհ է բերում Աստուծո սերը, խաղաղությունը եւ օրհնությունը: Քրիստոսի Սուրբ Ծննդյան հոգենորոգ օրհներգությամբ աղոթում ենք աշխարհի խաղաղության եւ աստվածաշնորհ մեր Հայրենիքի անսասանության համար:
 
Սիրելի՛ Սրբազան, Մեր մաղթանքն է, որ Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի Ձեզ, թեմի ուխտապահ եկեղեցականաց դասին, թեմական ու համայնքային մարմինների բարեջան անդամներին՝ նորոգ եռանդով ու նվիրումով՝ շարունակելու առաքելությունը՝ ի բարօրություն հավատավոր մեր ժողովրդի, ի պայծառություն տիրախնամ Ձեր թեմի եւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու:
 
«Շնորհք, սէր եւ աստուածային սրբարար զօրութիւնն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ եղիցին ընդ Ձեզ ընդ ամենեսեան. Ամէն: ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ: ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»:
 
Ճրագալույցի Ս. Պատարագից հետո ԱՀԹ առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կատարվեց Տնօրհնեքի կարգ: Առաջնորդարանի հանդիսասրահում հավատացյալներն առիթ ունեցան շնորհավորելու թեմի առաջնորդական փոխանորդին:
 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Հայտնությունը: Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ ըստ եկեղեցական կարգի օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո: Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ: Ճրագալույց բառը նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, վառել: Այդ օրը եկեղեցում վառված ճրագները մարդիկ տուն են տանում: Վառվող ճրագները խորհրդանշում են բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:
 
Հունվարի 5-ի երեկոյից մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ: Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի: Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս»: Վաղը` հունվարի 6-ին, Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: Ս. Պատարագի ավարտին կկատարվի Ջնօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի` Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելը և աշխարհին հայտնվելը:
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

  • 2022-01-05
×